Իմ առաջին հարցազրույցը Զառիթափ գյուղի բնակիչ Գոհար Սարգսյանի հետ
Մենք գտնվում էինք Վայոց Ձորի Զառիթափ գյուղում: Երեխաների մեծ մասն առաջին անգամ էր այստեղ (այդ թվում նաև ես), մենք շրջում էինք գյուղով նկարելով ամեն բան, ինչ մեզ դուր էր գալիս: «Մանանա» կենտրոնի դասընթացներում մենք սովորել էինք, թե ինչպես հարցազրույց վարել: Եվ հիմա փնտրում էինք մարդկանց, որպեսզի կիրառենք մեր գիտելիքները: Բոլորս կարծես օտարերկրյա զբոսաշրջիկ նայում էինք շուրջ բոլորը, որպեսզի գեթ մի մարդ գտնեինք մեր ստացած գիտելիքները օգտագործելու համար: Շատ ցուրտ էր, և դրսում ոչ ոք չէր երևում: Հանկարծ լսվեց մի ձայն.
-Երեխե՜ք, մարդ ենք ճարել, շուտ եկեք:

Լուսանկարը՝ Անի Շահբազյանի
Մենք բոլորս վազելով գնացինք: Առաջինը տեսա երկու տղամարդկանց, որոնք բակում պատրաստում էին հայկական ավանդական խորոված: Մինչ մենք լուսանկարում էինք, դուրս եկավ մի տատիկ` ձեռքին մեծ կաթսա: Նա զարմացած հարցրեց.
-Էս ի՞նչ ա, ինչի՞ եք նկարում:
Երեխաներից ոչ ոք ձայն չէր հանում, և ես սկսեցի նրան բացատրել:
-Մենք պատանի թղթակից ենք, սովորում ենք, թե ինչպես ճիշտ լուսանկարել, իսկ այսօր մենք նկարում ենք գյուղական կյանքը: Դուք մեզ շատ կօգնեք, եթե թույլ տաք ձեզ և ձեր տունը նկարենք: Կարելի՞ է,- շնչակտուր հարցրեցի ես:
-Դե, սպասեք, գնամ փոխվեմ` գամ… Սենց ալրոտ… Մի րոպե սպասեք:
-Չէ, չէ, պետք չի փոխվել: Չէ որ մենք նկարում ենք գյուղական կյանքը, իսկ դուք գյուղում այսպիսինն եք: Սիրում եմ գյուղական անկեղծությունը:
-Դե լավ, եկեք տուն: Ի՞նչ եք կանգնել: Եկեք նկարեք, մենք էլ ձեզ կհյուրասիրենք:

Լուսանկարը՝ Սոնա Թումանյանի
Դե ինչ, մեր սպասված ընտանիքին մենք հանդիպեցինք: Դրսում ցուրտ էր, և հաճելի էր տան ջերմ մթնոլորտը բոլոր առումներով: Տանը կար երեք երեխա: Նրանք սկզբից չէին խոսում, իսկ հետո ընտելացան մեզ հետ: Մինչ ես նրանց նկարում էի, մտածեցի, որ կարող եմ գիտելիքներս օգտագործել և անցկացրեցի հարցազրույց ընտանիքի տատիկի` Գոհար Սարգսյանի հետ: Նա սիրով համաձայնվեց:
-Քանի՞ տարեկան եք և երբվանի՞ց եք այս գյուղում ապրում:
-Ես 58 տարեկան եմ, ամուսնացել եմ, եկել եմ էս գյուղ և 1976 թվականից էս գյուղում եմ ապրում:
-Ա’յ, օրինակ, երբ առաջին անգամ եկաք գյուղ, ի՞նչ էիք զգում, հիշո՞ւմ եք ձեր առաջին օրը, երբ եկաք:
-Հա, ոնց չեմ հիշում: Հենց եկա, մեծ պլաններ ունեի, հենց հաջորդ օրն էլ հարսանիք էր: Էս գյուղը շատ տարիներ առաջ շրջկենտրոն էր:
-Իսկ ի՞նչ է նշանակում շրջկենտրոն:
-Դե, մեր գյուղը համարյա թե քաղաք էր. անասուն չէին պահում, կար հիվանդանոց, կար մանկապարտեզ, կային երթուղային ավտոբուսներ: Մի խոսքով, մարդիկ ապրում էին շատ կուլտուրական: Բայց հետո, երբ շրջկենտրոնը տեղափոխվեց Վայք, ամեն ինչ փոխվեց:
-Ի՞նչ էիք աշխատում երիտասարդ հասակում:
-Աշխատել եմ Վայքում` խաղալիքների գործարանում: Շատ էի սիրում էդ գործը: Ինչ խաղալիք, որ պատրաստում էինք, առաջինը մենք էինք խաղում, նոր հետո փաթեթավորում:
-Իսկ ինչո՞ւ թողեցիք ձեր գործը:
-Ես չեմ թողել էդ գործը: Անկախությունից հետո գործարանը չկարողացավ աշխատել`քանդվեց: Մենք էլ բնականաբար դուրս մնացինք: Մինչև այսօր էլ գործարանը չի գործում:
-Իսկ այժմ ի՞նչ կուզեիք աշխատել:
-Շատ կուզեի զբաղվել իմ առաջին աշխատանքով: Ես սովորել եմ ու աշխատել եմ մատանու քարեր պատրաստելու գործով: Շատ եմ սիրել էդ աշխատանքը, որովհետև ամեն ուրախ առիթի` կնունքի, հարսանիքի, նշանդրեքի մեջ դու քո ներդրումն ունեիր, ու կարողանում էիր ուրախացնել մարդկանց:
-Իսկ հիմա ինչո՞վ եք զբաղվում:
-Հիմա մենք անասնապահ ենք ու հողագործ: Տենց ենք ապրում, ու էսօր էլ մի անասուն ենք մորթել, որ ծախենք:
-Դուք ունե՞ք ընտանիքի անդամ, որ արտագնա աշխատանքի է:
-Չէ, աղջիկ ջան, բոլորն էլ այստեղ են: Աղջիկներս էլ են այստեղ` մեկը գյուղում ա, մեկը` Վայքում ա: Տղայիս հետ միասին ենք ապրում շատ հաշտ-համերաշխ:
-Ի՞նչ կուզեիք, որ գյուղում փոխվեր:
-Կուզեի, որ ստեղծվեին աշխատատեղեր, որպեսզի բոլորն աշխատեին: Գյուղի ընդամենը շատ քիչ մասն է աշխատում: Մի մասը գյուղապետարանում, մի քանի հոգի մանկապարտեզում ու դպրոցում: Էս են մեր աշխատատեղերը: Փորձել եմ լավաշ թխել ու վաճառել, բայց չի ստացվել:
-Ի՞նչն էր ձեզ խանգարել:
-Մի երկու անգամ թխելուց վախեցա, որ հարկայինը կգա, հետո` օգուտ չէր տալիս:
-Կուզենայի՞ք ինչ-որ բան ավելացնել ձեր մասին:
-Ես կուզենայի, որ երեխաների ապագան ավելի լավը լիներ: Թեկուզ չսովորեին, բայց մի արհեստ ունենային, աշխատանք ունենային: Ամեն առավոտ արթնանային, ասեին. «Գնանք աշխատանքի», որ կարողանային իրենց ընտանիքները պահել: Այնպես չլինի, որ առավոտյան վեր կենային ասեին. «Ոնց անենք, որ մեր ընտանիքները պահենք»:

Լուսանկարը՝ Նոնա Բարսեղյանի
Ես բազմաթիվ հարցեր ունեի նրան տալու, բայց ափսոս, ժամանակը սուղ էր: Ասեմ, որ ես հասցրեցի փորձել նրանց սեփական ձեռքերով պատրաստված կոմպոտը: Գոհար տատիկն ուզում էր, որ մենք մնայինք և օգտվեինք իրենց գյուղի բարիքներից, սակայն պետք է վերադառնայինք:
Տիկին Գոհարի հետ հարցազրույցից ես հասկացա, որ ապրելու վայրը նշանակություն չունի` ինչ-որ բան ստեղծելու, երջանիկ լինելու, աշխատելու և խաղաղ ապրելու համար, եթե ունես ընտանիք, որտեղ կա համերաշխություն և բոլորն իրար սիրում են: