
Լուսանկարը՝ Դավիթ Ասլանյանի
Առաստաղին ամրացված բռնակներից կախված հազար ու մի ձեռքեր շրջանցելով՝ ինձ է հասնում ձայնային մի բարձր ալիք.
-Իջնող կա՞:
Աչքերս բարձրացնում եմ և նկատում, որ վարորդը, բարձրախոսը ձեռքին, կարգավորում է մուտքն ու ելքը ավտոբուսում և փորձում հնարավորինս լսելի դարձնել իր ձայնը, ինչի շնորհիվ էլ ես հասցնում եմ ժամանակին իջնել ավտոբուսից և չուշանալ համալսարանից, ուր գնում էի առաջին կուրսեցիների՝ սեպտեմբերի տասնհինգին կայանալիք երդման արարողությանը:
-Հիմա ի՞նչ, էսօր էլ մեր «պրիսյագն ա՞» :

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի
Առաջին կուրսեցիներից բացի միջոցառումը նվիրված էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների անկախության քսանհինգ ամյակին: Ներկա էին համալսարանականներ, դասախոսներ, այլ հյուրեր: Ռեկտոր Արամ Սիմոնյանն իր ողջույնի խոսքն ասաց առաջին կուրսեցիներին, որին հաջորդեցին մշակույթի կենտրոնի և ուսանողական խորհրդի տարբեր սերունդների ելույթները: Բոլորը շնորհավորում էին, բարի գալուստ մաղթում, ցանկանում, որ լիարժեք ապրենք ամեն վայրկյանը ուսանողական կյանքի, որն իր նշանակալից հետքն է թողնելու մեր՝ թե որպես մասնագետ, թե որպես մարդ տեսակի կայացման ճանապարհին: Մինչդեռ արդեն երկրորդ շաբաթն է, ինչ ծանոթներս ինձ հանդիպելիս հարցնում են.
-Դեռ չե՞ս հասցրել հիասթափվել:
Եղանակը օրվա ընթացքում մռայլ էր, արդեն երեկոյան սկսեց անձրևել: Մտածում էին՝ ընդհատել համերգը՝ մի այլ առիթով հանդիպելու ակնկալիքով: Բայց պատրաստվում էինք գնալ, երբ անձրևը դադարեց, և միջոցառումը վերսկսվեց՝ շարունակվելով մինչև ուշ գիշեր:

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի
-Ո՞նց էր, Սոֆ,- հարցնում եմ միջոցառման ավարտից հետո:
-Կարևորը ՝ քառօրյա պատերազմին մասնակցած ուսանողներն էլ արժանացան փոքրիկ ուշադրության, թե չէ եղանակը մեր լավ տրամադրությանը հաստատ չխանգարեց:
-Նանե, դո՞ւ ինչ կասես:
-Ես ինձ ԵՊՀ-ի լիիրավ անդամ զգացի:
-Իսկ ինձ համար էս օրը սեպտեմբերի մեկի պես կարևոր էր,- եզրափակեց Անուշը: