
Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի
Ինձ հավանաբար հիշում ես: Ամեն դեպքում, ես էդպես եմ ցանկանում ու մեծ հույսեր ունեմ, որ էդպես էլ կա: Ես ուզում եմ քեզ մի հարց տալ: Չէ որ մենք արդեն մտերիմներ ենք, գուցե նաև հարազատներ: Քո կյանքում կա՞ որևէ երևույթ, որին «սեր» անունն ես տվել և միաժամանակ վախենում ես այն «սեր» կոչել: Չկա՞: Եթե կա, հրաշալի բան է, եթե ոչ… Եթե ոչ, ուրեմն, լսիր իմ պատմությունը: Բայց եթե քեզ հետաքրքրում է, թե քանի տարեկան է իմ ընկերը, որքան է վաստակում նրա հայրը և եթե քեզ պետք է իմանալ, թե քանի հազար ֆրանկ արժեցող տուն եմ տեսել, ապա կարող ես փակել այս պատուհանը և չշարունակել կարդալը: Վստահեցնում եմ` ոչինչ դուր չի գա: Իսկ եթե կհետաքրքրի՝ արդյո՞ք ընկերս թիթեռների հավաքածու ունի, թե ոչ, ապա սա համարիր նամակ` իմ տիեզերքից քո տիեզերք:

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի
Գիտե՞ս սերերը տարբեր են լինում:
Այ, օրինակ, երբ վարդ տեսնելիս մտածում ես, որ…
-Վայ, սա իմ Փոքրիկ Իշխանի վարդն է, որ միակն է իր տեսակի մեջ:
…Որ աշխատանքը չի կարելի հետաձգել, երբ խոսքը վերաբերում է բաոբաբներին…
Երբ քո ամենասիրելի կենդանին կամ գոնե սիրելիներից մեկը աղվեսն է:
…Որ խոսքերը խանգարում են իրար լավ հասկանալուն:
Տխուր լինելիս մայրամուտին ես նայում, հետո հասկանում, որ եթե հնարավոր լիներ, հենց 43 անգամ կնայեիր` ինչպես է արևը մայր մտնում:
…Ու որ ինչքան էլ լպրծուն թվան սողունները, դու իրենց չես ատի, դեռ մի բան էլ կսիրես… Օձերին, որ հաստատ:
Գլխարկի նմանվող պատկեր տեսնելիս էլ առաջինը կմտածես, որ փիղ մարսող վիշապօձ է, արկղ տեսնելիս կմտածես, որ քո ուզած գառնուկը դրա մեջ է:
…Որ աստղերը քոնն են, քանի որ քեզնից առաջ ոչ ոք չի մտածել դրանք ձեռք բերելու մասին:
Երբ հավատում ես, որ ինչ-որ մոլորակի վրա օրը մեկ րոպե է տևում:
…Ու եթե երբևէ քեզ էլ է հետաքրքրել, թե աստղերն ինչու են փայլում, հիմա դրա պատասխանը գիտես:
…Որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես:

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի
Էքզյուպերիի այս գիրքը իմ կյանքի ուղեկիցն է արդեն յոթ տարի: 2010 թվականն էր, երբ ուսուցչուհիս մտավ դասարան և առաջարկեց «Փոքրիկ Իշխանը» գրքի մասին բաց դաս անել: Հենց նույն ժամանակ էլ մեզ ծանոթացրեց գրքին: Հիշում եմ` դասարանում գրքի մի երկու-երեք օրինակ կար, իսկ համակարգիչ բոլորս չէ, որ ունեինք մեր տներում այդ ոչ հեռավոր 2010 թվականին: Գիրքը մեկ գիշերում կարդացի: Կարդալ բառը հարմար չեմ համարում օգտագործելու համար: Ես այդ գիրքը մի գիշերում ոչ թե կարդացել, այլ ապրել էի: Դա իմ ու Փոքրիկ Իշխանի առաջին հանդիպումն էր, բայց ինքն էլ գիտեր, որ վերջինը չէ: Ամեն տարի, երբ ծնունդովս մեծանում էի, գիրքն անպայման նորից կարդում էի: Ու ամեն անգամ տարբեր կերպ էի ընկալում Իշխանին ու իր մոլորակի բնակիչներին: Տարիների հետ ավելի շատ էի սիրում B612 աստղակերպը, ավելի լավ էի հասկանում աղվեսին և, այնուամենայնիվ, ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ այդ մեծահասակներին, ովքեր չգիտեին, թե ինչու պետք է իրենց վախեցներ «գլխարկը»: Չէի հասկանում այն մեծահասակներին, ովքեր սիրում են թվեր: Գիտե՞ս` մինչև հիմա էլ չեմ հասկանում:

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի
Եթե ինձ ճանաչում ես, ուրեմն անպայման գիտես, որ աշխարհում իմ ամենասիրելի գիրքը «Փոքրիկ Իշխանն» է, որի մոտ պատրաստ եմ վերադառնալ հարյուր հազարավոր անգամներ (եթե դեռ չեմ արել այդպես): Իսկ եթե իմ մտերիմ ընկերն ես, ապա գիտես նաև այն մասին, որ ինձ պետք չէ հարցնել.
-Այս տուփի մեջ, ախր, ո՞նց կարող է գառնուկ լինել:

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի
Եթե ասածներիցս գլուխ չես հանում, կարծում եմ, որ գիրքը կարդալու ճիշտ ժամանակն է: Էլ պետք չէ համբերել: Անպայման կարդա: Իսկ եթե մի անգամ կարդալով քեզ ոչինչ չտա, հավատա ինձ, դու այն դեռ չես հասկացել (մի անգամ էլ կարդա, հաստատ չես ափսոսա): Խորհուրդ կտամ մուլտֆիլմն էլ նայել: Մի ուրիշ աշխարհ է քեզ տեղափոխում, կտրում տանում է իրականությունից, որտեղ ապրում ես ու որտեղ գուցե դեռ չես գտել քո աղվեսին ու չգիտես, թե ինչ գլխացավանք են բաոբաբները: