
Լուսանկարը՝ Նինա Բաղոյանի
Անկախ իմ կամքից այդ օրերին չեմ կարողանում ժպտալ, չեմ կարողանում սիրել, դժվարանում եմ շրջապատիս ուրախացնել և իրենց ուրախությամբ էլ ինքս ուրախանլ: Մռայլ օրերին ուզում եմ մեկուսանալ բոլորից, նույնիսկ ընտանիքիս անդամներից, մենակ մնալ, երաժշտություն լսել, թեյ խմել ու մտածել: Մտածել անցյալի, ներկայի ու սպասվող ապագայի մասին, կամ էլ այս ամենի փոխարեն ժամերով քնել:
Հռիփսիմե Բալոյան
***
Երբևիցե ինչ-որ մեկի մտքով անցե՞լ է, թե ի՞նչ է կյանքը… Ինչի՞ համար են մարդիկ լույս աշխարհ գալիս… Ինչի՞ համար է Աստված նման փորձությունների առաջ կանգնեցնում մարդկանց… Ի՞նչ անհրաժեշտություն կա տարբերակելու՝առանձնացնելու… Ինչո՞ւ է անձրև գալիս, երկինքը մռայլվում…
Ես միշտ փորձել եմ համեմատել եղանակը՝ մարդկանց, իրադարձությունները` բնավորությունների հետ: Անցկացրեցի կրկին անգամ համեմատական երեխայի ու եղանակի միջև: Արտահայտեցի իմ պատկերացումները ավելի պարզ, մատչելի ու իմ ներաշխարհը բնութագրող հասկանալի ձևով:
Նա ընդամենը փոքրիկ երեխա է, որը ուշադրություն է ուզում: Ձգտում է ավելիին, բայց չի կարողանում ընդունել ու հասկանալ, որ դա անհնար է: Նա նեղացել է մարդկանցից ու թափում է իր ներսում կուտակված դառնությունն ու զայրույթը: Բայց միևնույն ժամանակ նա այնքան դաժան չի վարվում «թույլ» էակների հետ: Ընդամենը կաթիլներ՝ թեթև ու առանց ցավի կաթիլներ:
Սիրում եմ անձրևը: Սիրում եմ նրա կաթիլների ապակիներին դիպչելուց առաջացող ձայները, ասես ինչ-որ երաժշտական գործիք նվագելուց լինի: Արթնանում ես նրա «գեղեցիկ ու հանգստացնող» ձայների տակ ու հասկանում, որ միջավայրդ մաքրվեց: Քո հերթն է արդեն հասել: Մաքրվիր մեղքերից: Մեղքեր, որոնք չես ընդունում ու հնարավոր է, որ նրանց գոյության մասին չգիտես էլ: Կյանքը անձրևի նման կգա սկզբից հանգիստ, հետո կամաց- կամաց կվարարի ու կհասնի իր գագաթնակետին: Երբ կհասնի իր ցանկացածին, «կմարի» ու կդադարի: Անձրև ու կյանք… Հասկանո՞ւմ եք նմանությունը… Խորհեք, ու ես վստահ եմ կգտնեք…
Մանե Սարգսյան