
Լուսանկարը՝ Տատյանա Ղուկասյանի

Լուսանկարը՝ Տատյանա Ղուկասյանի
Սկսեմ նրանից, որ մեր գյուղում են ծնվել շատ տաղանդավոր և նշանավոր մարդիկ, որոնք այլևս այստեղ չեն ապրում: Դրանցից մեկը Արսեն Գալստյանն է՝ օլիմպիական չեմպիոն: Ներկայումս գյուղում կա 5 խմբակ՝ ֆուտբոլի, բասկետբոլի, նկարչության, ռոբոտաշինության: Վերջինս նոր է սկսել գործել: Ամենաերկար ուղին ունի ֆուտբոլը: Ֆուտբոլիստ երեխաները մինչ օրս ունեցել են բազմաթիվ հաղթանակներ, ավելի ճիշտ, չեն ունեցել պարտություն: Ինչ-ինչ պատճառներով մեծահասակների խմբակը այլևս չի գործում (15-17 տ.), բայց նրանց փոխարեն պարապում է նոր սերունդը (10-13 տ.), որոնք ի դեպ, նույնպես մեծ հաջողությունների են հասել: Ուզում եմ նշել, որ գյուղի համարյա բոլորը` թե՛ աղջիկները, թե՛ տղաները գտնվում են լավ մարզավիճակում և միշտ պատրաստ են մասնակցելու տարբեր մրցույթների: Նկարչականը և բասկետբոլը նույնպես հետ չեն մնում ֆուտբոլից: Ես նույնպես մեծ հետաքրքրությամբ ու սիրով հաճախում եմ նկարչական և բասկետբոլի խմբակի: Ռոբոտաշինության մասին ներկա պահին բան չունեմ ասելու, որովհետև այն նոր է սկսել գործել, և երեխաները նոր են սկսել ծանոթանալ ծրագրերին և տեխնիկային: Անցնեմ ամենակարևոր և գեղեցիկ առանձնահատկություններին՝ գյուղի բնությանը և այդ բնության մեջ անցնող կյանքին: Ուրիշների մոտ գուցե առօրյան կախված է եղանակից, բայց մեր գյուղում եղանակը չի կարող մարդկանց շեղել ամենօրյա գործերից:

Լուսանկարը՝ Տատյանա Ղուկասյանի
Իսկ բնության մասին խոսելն ինձ թվում է, ավելորդ է: Տավշո բնությունը միշտ էլ առանձնացել է իր գրավչությամբ: Տարվա ամեն եղանակին այն առանձնահատուկ գեղեցիկ է: Ներքին Կարմիրաղբյուրը նույնպես աչքի է ընկնում իր կախարդող բնությամբ: Այստեղ ամեն ինչ գեղեցիկ է յուրովի: Նույնիսկ կիսախարխուլ տների և չորացած ծառերի համադրությունն է գեղեցիկ լինում: Ահա իմ բառերով փորձեցի նկարագրել գյուղիս առանձնահատկությունները, բայց կարծում եմ, որ մեծանալուն համընթաց կկարողանամ ավելի խորը տեսնել և բացահայտել դրանք:

Լուսանկարը՝ Տատյանա Ղուկասյանի