marine israyelyan

Երջանկության ճանապարհը

-Կա՜ր, դու երջանի՞կ ես,- երևանյան մի խաղաղ երեկո պատուհանից թափանցող զովի ներքո հնչում է անիմաստ թվացող այս հարցը, երբ քրոջս հետ վայելում ենք ազատ օրվա ջերմ գիտակցությունը՝ մի գավաթ սուրճի ընկերակցությամբ:

-Երջանի՞կ… (մտածում է) դե՜, գիտես… Երջանիկ չլինելու պատճառ չունեմ:

-Չէ՛, դա ուրիշ է, դու երջանի՞կ ես,- Փոքրիկ Իշխանի անկոտրում համառությամբ նորից հարցնում եմ և նույնքան համառությամբ ստանում պատասխանը՝ ուղղակի երջանիկ չլինելու պատճառ չունեմ (և այսպես մի քանի անգամ):

-Իսկ գիտե՞ս՝ ես երջանիկ եմ, ո՛չ թե որովհետև երջանիկ չլինելու պատճառ չունեմ, այլ հենց երջանիկ եմ և շա՜տ…

-Ասում են՝ երջանիկ պետք է լինել լուռ,-նկատում է քույրս:

-Իսկ ես չե՛մ ուզում լուռ լինել: Ուզում եմ կիսել այն, բաժանել, որ բոլորը վարակվեն երջանկության ճաճանչներով: Էյնշտեյն պապիկն ասում էր՝ կարելի է ապրել և վստահ լինել, որ հրաշքներ չեն կատարվում, և կարելի է ապրել ու հավատալ, որ կյանքն ինքը հրաշք է: Կա՜ր, ես զգում եմ այդ հրաշքը:

Քույրս ինձ է հառում այն ջե՜րմ, ներողամիտ ժպիտներից մեկը, որ մենք նվիրում ենք ժպտացող փոքրիկ երեխաներին կամ անուղղելի երազողներին: Եվ խորհրդավոր խոսակցության տրամաբանական ավարտը լինում է խորհախորհուրդ մի լռություն:

Լռությո՜ւն… Իսկ ինձ չի լքում այդ երջանկության յուրահատուկ զգացումը, հայացքս էլ ավելի հաճախ է երախտագիտությամբ երկինքները չափչփում:

Բայց ինչո՞ւ երջանկությունը հայտնվում է ամենադժվար պահին և զուգահեռվում հոգու փոթորկուն հողմերի, հույզերի բորբ հրաբուխների ժայթքման հետ, և զարմանալի է՝ երջանկությունը սոսկ հաճույքներից ու վայելքներից չի բխում. մեկի քանակական աճը սպառում է մյուսի համը: Ու հիշում եմ արքայազնին, որ աշխարհեաշխարհ երջանիկ մարդու շապիկն էր փնտրում, իսկ նա… Շապիկ չուներ:

Իրականում երջանկությունն ավելի բարդ բաղադրություն ունի, որտեղ տառապանքներն ու դժվարությունները միահյուսվում են, վերելքներն ու անկումները զուգակցվում, բարձրանում է հիասթափության իններորդ ալիքը և հեղվում արցունքների գուռի մեջ, կյանքի զոհասեղանին ժպիտներ են մորթվում և ժխորի մեջ կորչում անմահ կուռքին նվիրաբերվողի աղեկտուր ճիչերը:

Աշխարհի հոշոտող աչքերի դեմ մե՛րկ լինել և կարողանա՛լ պահպանել հաղթողի հպարտ կեցվածքը, մե՜ն-մենակ մարտնչել ծովի խելագար, անիմաստ ալիքների դեմ և մնալ կանգուն՝ նվիրական նպատակն արդարացնող բոլոր միջոցների գործադրմամբ: Մենա՜կ, իսկ ո՞վ էր ասել, թե ոտքերս ծակծկող փոշեպատ ուղիներում ուղեկից պիտի ունենայի: Մենա՜կ, իսկ ո՞վ էր ասել, թե նետվող բազմաթիվ քարերից հովանոցի պես թիկունքս պաշտպանող պիտի ունենայի: Մենա՜կ, և մի՞թե մարդ մենակ չպիտի անցնի սեփական առեղծվածը բացահայտող խավարամած ուղին, որ հետագայում վայելի բարձունքների բերկրանքը, ինչպես հեքիաթների իմաստուն ծերունին է սիրում ասել:

Մարդը երջանիկ է, երբ գտնում է սեփական առեղծվածի բանալին, և ոտքերիս տակ ի՛մ առեղծվածի առաջին աստիճաններն եմ զգում…

Ով արհամարհալից համարձակությամբ ձեռնոց է նետում կյանքին, մտնում է արյունաբույր ճակատամարտի մեջ, բայց կյանքը հարգում է հավասար խաղացողներին:

Նպատակի ուժն է, որ լեռներ է ճեղքում. ես լեռներ չեմ ճեղքի, ես կփոշիացնեմ մարդկանց հոգու ժայռերը ո՛չ թե բիրտ քամիների շուրթին ցանելու, այլ իմ քրտինքով ու արցունքներով ջրելու համար, և հավատում եմ՝ ժայռափոշին մի օր արգասաբեր հող է դառնալու, որի վրա խանդաղատության վարդեր պիտ բուսնեն:

Երբ առավոտը բացվում է մեղմ անձրևի ականջահաճո մեղեդով, իսկ հեռվում մառախլապատ հորիզոնի ճերմակաթույր կտավն է, մշուշում է հոգիս և միտքս լողում Հադեսի ոտքը տանող ճանապարհների գնահատման մեջ. կարծում էի՝ մարդուն սպանում են տաք ու սառը զենքերով, նույնիսկ՝ խոսքերո՜վ, բայց ո՛չ, մարդուն անտարբերությա՛մբ են սպանում, իսկ արևընթաց ճանապարհին նույնիսկ մահը սարսափելի չէ: