
Լուսանկարը՝ Մարիամ Ղուկասյանի
Երբ ինձ փոքր ժամանակ հարցրին, թե ի՞նչ եմ ուզում դառնալ, միանգամից պատասխանեցի.
- Ընկեր Ռուզան:
Հարցազրույց՝ Ամասիայի մանկական արվեստի դպրոցի դաշնամուրային բաժնի դասատու Ռուզաննա Մեռոյանի հետ:
-Ո՞ր երաժշտական դպրոցն եք հաճախել և քանի՞ տարեկանից:
-Ես հաճախել եմ Արմեն Տիգրանյանի անվան թիվ 3 երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը, երբ դեռ յոթ տարեկան էի:
-Դպրոցական տարիներին ի՞նչ էիք երազում դառնալ և ի՞նչ մասնագիտություն ունեք հիմա:
-Երբ սկսեցի հաճախել երաժշտական դպրոց, դաշնամուրը և երաժշտությունը դարձան ինձ հոգեհարազատ ու մեծ ուրախությամբ և մանկական թրթիռով էի սպասում ամեն դասի սկսվելուն: Ահա այս տարիքում էլ ձևավորվեց իմ հետաքրքրությունը դեպի արվեստը: Ցանկանում էի դառնալ դաշնամուրի դասատու, իսկ արդեն քոլեջում սովորելու ընթացքում հմտացա և ընտրեցի դասատուի մասնագիտությունը, որով և զբաղվում եմ հիմա:
-Հիմա որտե՞ղ եք աշխատում և ի՞նչ մասնագիտական ուղի եք անցել:
-1981թվականից մինչև 2013 թվականը աշխատել եմ Գյումրու՝ այժմյան Ժան և Ալբեր Բողոսյանների անվան արվեստի քոլեջում: Միաժամանակ աշխատել եմ նաև Ամասիայի մանկական արվեստի դպրոցում: Սակայն ծանրաբեռնվածության պատճառով չկարողացա հասցնել երկու դպրոցները միաժամանակ և 2013 թվականին դուրս եմ եկել Բողոսյանների արվեստի քոլեջից, իսկ այժմ աշխատում եմ Ամասիայի մանկական արվեստի դպրոցում:
-Ինչո՞ւ ընտրեցիք երաժշտական արվեստի բնագավառը:
-Մեր տունը գտնվում էր Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի մոտ: Ես միշտ հաղորդակցման մեջ էի երաժշտության հետ: Դաշնամուրի ձայները, հնչյունները միշտ հնչում էին մեր տանը, և դպրոցի աշխույժ շարժը գրավեց ինձ: Քանի որ մայրս ի սկզբանե ցանկություն ուներ ինձ երաժշտական դպրոց ուղարկելու, դրան նպաստում էր նաև այն, որ իմ մեջ մեծ ոգևորվածություն և ցանկություն կար, և ես հաճախեցի երաժշտական դպրոց:

Լուսանկարը՝ Մարիամ Ղուկասյանի
-Դուք բնակվում եք Գյումրիում, բայց երկար տարիներ դասավանդում եք Ամասիայի արվեստի դպրոցում: Աշխատատեղի՞ խնդիրն է, թե՞ սերը Ամասիայում գտնվող երեխաների հանդեպ, որ մինչ օրս այստեղ եք աշխատում:
-Ես իմ մասնագիտությունը և աշխատանքը շատ եմ սիրում, այդ պատճառով տարբերություն չեմ դնում տեղի հետ կապված: Քանի որ ներկայումս Գյումրիում աշխատատեղերը քիչ են, այդ պատճառով շարունակում եմ աշխատել Ամասիայում: Դրա հետ մեկտեղ համայնքում բնակվող երեխաների հետ աշխատելը ավելի հետաքրքիր է: Այնուամենայնիվ, այս գործը իրենից ներկայացնում է բարդ և պատասխանատու աշխատանք:
-Մենք գիտենք, որ ձեր սաները մասնակցում են հանրապետությունում կայացող մրցույթ-փառատոններին: Ի՞նչ մրցանակերի են արժանացել և արդյո՞ք փառատոններին մասնակցելը որևէ ազդեցություն ունենում է երեխաների վրա:
-Այո՛, սաներս և՛ Գյումրիից, և՛ Ամասիայից մասնակցել և մասնակցում են հանրապետությունում կայացվող մրցույթ-փառատոններին, ինչպիսիք են՝ «Վերածնունդ» միջազգային փառատոնը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան մրցույթ-փառատոնը: Սաներիս մեծ մասը արժանացել են շնորհակալագրերի, գովասանագրերի, իսկ 2011 թվականին կայացվող Ալ. Սպենդիարյանի մրցույթ-փառատոնին սանս արժանացել է դիպլոմի՝ 4-րդ տեղը գրավելու համար:
-Ձեր երեխաները շարունակե՞լ են ձեր գործը:
-Ես ունեմ երեք աղջիկ: Երեք աղջիկներս էլ հաճախել են Ժան և Ալբեր Բողոսյանների անվան քոլեջը: Ավագ աղջիկս՝ դաշնամուրային բաժինը, միջնեկը՝ վոկալ-դաշնամուրային, իսկ կրտսերը՝ դաշնամուրային բաժինը: Բայց նրանցից միայն միջնեկ աղջիկս է շարունակել զբաղվել իմ գործով և ընտրել դաշնակահարի մասնագիտությունը:
-Եթե հնարավորություն լիներ, ի՞նչ կփոխեիք մեր կրթական համակարգում:
-Մեր կրթական համակարգում կցանկանայի փոխվեր պետական մարմինների վերաբերմունքը արվեստի դպրոցների նկատմամբ, ուղղորդություն և հոգածություն աշխատողների հանդեպ:
-Ո՞րն է արվեստի դպրոցի մանկավարժի դերը հասարակության մեջ:
-Երեխային կրթելը և դաստիարակելը, զարգացնել ճաշակ, արվեստի նկատմամբ՝ սերը, ահա այս է մեր՝ մանկավարժներիս դերը:

Լուսանկարը՝ Մարիամ Ղուկասյանի
-Ի՞նչ կմաղթեք մեզ՝ ապագա սերնդին:
-Ձեզ մաղթում եմ՝ բարեկեցություն, հետաքրքրություն և մուտք դեպի դասական արվեստը, ճաշակի զարգացում, մաղթում եմ, որ գտնեք և զբաղվեք այն մասնագիտությամբ, որը ձերն եք համարում, և ամենակարևորը՝ հասնեք հաջողության այդ ոլորտում: Սա է իմ մաղթանքը: