Երևի նկատած կլինեք, որ հայաստանցիները հազվադեպ են փայլում միջազգային հարթակներում, իհարկե, բացառություն են կազմում սպորտի ու վերջին տարիներին նաև միջազգային օլիմպիադաներում մի քանի պատանիների հաղթանակները: Համենայնդեպս տեսնելով, որ սփյուռքում հայերը ավելի հեշտ են դառնում մեգաաստղեր, կրկին բարձրացնում եմ բողոքիս ձայնը: Երևի մեզ շատ են պարտադրում: Շատ բաներ ՀՀ օրենսդրությամբ են պարտադիր, շատ բաներ պարտադիր է դարձնում, այսպես կոչված, հայկական, կամ ավելի ճիշտ կլինի ասել, հայաստանյան մենթալիտետը:
Առհասարակ չափից շատ է պարտադիրը մեր կյանքում: Ու մենք էլ պարտադրված պարտադիր կատարում ենք բոլոր այդ պարտադիր կետերը: Ոչ, ճիշտ հասկացեք, դեմ չեմ պարտադիրին, բայց դեմ եմ պարտադրելուն: Բացատրեմ: Կարծում եմ, որ բոլորդ էլ կհամաձայնեք, որ հարևան երկրի լեզուն իմանալը, միանշանակ, առավելություն է, մանավանդ այն դեպքում, երբ օրեցօր ավելի ու ավելի են սերտանում մեր ու այդ իքս երկրի հարաբերությունները: Ուստի կհամաձայնեք, որ հրաշալի կլիներ օրենքի մոտավորապես այսպիսի կետը «…ամեն համայնքում պարտադիր ունենալ իքսերեն լեզվի խմբակ, որը կտրամադրի բավարար գիտելիքներ` իքսերենով շփվելու համար…»:
Իսկ ի՞նչ ունենք: Օրինակ, տարրական դասարաններում երգեցողության, կերպարվեստի պարտադիր և ոմանց համար պարտադրված դասընթացներն են: Այսպես` եթե 8 տարեկան երեխան ունի սարսափելի վատ նկարչական կամ երաժշտական տաղանդ, ուրեմն այն, որ երեխան չի ունենա գերազանցիկի կոչում անաչառ գնահատաման դեպքում, ակնհայտ է: Չասեք, թե դա կապ չունի, և դրանից գիտելիքները չեն պակասի: Իսկ այդքան «պարտադիր» հասարակության կարծի՞քը: Շատ մարդիկ կհետաքրքրվեն գերազանցիկներով, շատերը կժպտան գերազանցիկներին, շատերը կնախատեն մյուսներին, որ չեն աշխատում բավարար չափով առանց անգամ իմանալու «պարտադիր հարվածայինների» պատմությունը:
Պարտադիր է բոլորին տալ հնարավորություն ի ցույց դնելու իր ողջ ներուժը: Պարտադիր է` ոչ մեկին, ոչինչ չպարտադրելը:
