Զրույց մեր համագյուղացի` արզականցի Ժենիկ տատի հետ
-Ժենիկ տա՛տ, մի փոքր պատմիր քո մասին:
-Ի՜նչ պատմեմ, ազիզ ջան: Ես ծնվել եմ Կիրովաբադում, Դաշքեսանի ռայոն , գյուղ՝ Շահումյան, 1940 թվին, հիմա 76 տարեկան եմ:

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի
-Ժենիկ տա՛տ, փոքր ժամանակ շա՞տ կամակոր երեխա ես եղել:
-Շա՜տ, շա՜տ, սաղին վառել եմ, թողել եմ: Մանկությունս էլ շատ վատ ա էղել, լավ չի եղել, ազիզ ջան: Վա՜յ, էնքան էինք տանջվում, բայց արդյունք էլ չկար: Գառ էինք պահում, ոչխար էինք պահում, բախ էինք անում (փոցխում), կարտոլ շա՜տ, հեկտարներով ցանըմ ինք, բուկ էինք թուլցնում:
Ա՜յ, քո չափ աղջիկ եմ էլել, ինչքա՞ն եմ բախել, ինչքան եմ ցանել, դեռ չին էլ հավատում, ասում էին` դու շատ էս բախել, էս երևի ուրիշն ա էլել հետդ բախող:
Էնտեղից եկել եմ Չարենցավան՝ հորաքրոջս տուն, դեռ մերոնք չէին եկել: Հա՛, էկել եմ էդ տղային պատահել եմ, սիրահարվել ենք Աղվերանում: Պատահել ենք, սիրահարվել ենք, նստել ենք զրույց ենք արել: Մի օր էլ ասաց՝ մամաս էսպես խեղճ ա, մամաս տանջված ա: Ասի՝ դե մի լավ աղջիկ առ, որ մամայիդ պահի: Ասավ` քեզնից էլ լավ աղջի՞կ: Մի հատ գլխին խփեցի, ու էդպես էլ եկան ընձի տանելո՜ւ: Իրանց ժողովրդին ասեց, որ ես էս աղջկան եմ ուզում: Եկել են, տեսել են, Հենոյի բոռտավոյով են բերել Չարենցավանից:
-Ինչ որ մասնագիտություն ունե՞ս, Ժենիկ տատ:
-Եկել եմ Չարենցավան, որ էթամ թեթև արդյունաբերության տեխնիկում, էն էլ ուրբաթը շաբաթից շուտ ա եկել: Էդպես էլ ոչ մի մանագիտություն չեմ ունեցել, բայց աշխատել եմ անտառտնտեսությունում, մի 20 օր հետո էդ տղային տեսել եմ, ու էդ ա եղել: Պարտիական եմ եղել, շրջանային դեպուտատ եմ էլել՝ աղջիկ ժամանակ:
-Ինչ-որ հետաքրքիր դեպք կպատմե՞ս, Ժենիկ տատ, աշխատանքային տարիներից:
-Հա, եկել եմ էստեղ, որ արդեն երեխեքս մեծ են էլել, գնացել եմ «սովմինի» հանգստյան տուն, որ դիմում տամ, ինձ հավաքարար ընդունեն գործի: Ասել են` ինչի՞ էս էդ գործն ընտրում, դու կուսակցական ես, դու դեպուտատ ես: Ասել եմ՝ ոչինչ, էս էլ ա լավ:
-Գիտեմ, որ ամուսինդ բանաստեղծություններ է գրել, տա՛տ, կպատմե՞ս այդ մասին:
-Հա՛, ճիշտ ես իմանում: Էդ բանաստեղծությունները ես էլ եմ կարդում, թոռներս էլ են կարդում: Իմ մասին բանաստեղծություններ էլ ա գրել: Ասեց. «Ասում ես` չես գրը՜մ, իմ մասին չես գրը՜մ, Ժենիկ ջան, էս էլ՝ քո մասին»:
-Քանի՞ երեխա ունես, Ժենիկ տատ:
-Երեքն էին, հիմա՝ 2-ը ու՜նեմ, և ունեմ 4 թոռ: Սիրում եմ ամենաշատը աղջիկներին: Դե տղաներին էլ եմ սիրում, բայց որ ինձ աղջիկ չեմ ունեցել, շատ եմ ուզեցել ունենալ, չի էլել՝ երկուսին էլ սիրում եմ՝ Արաքսյային էլ, Անուշին էլ:
-Իսկ ի՞նչ երազանքներ ունես, Ժենիկ տատ:
-Երազանքներ ունեմ, որ իմ ոտին, իմ ձեռին, անկողին չմտնեմ, իմ երեխաների ձեռքով հողը մտնեմ, դրանից ավել էլ բան չունեմ… Ի՞նչ ավելացնեմ… Թոռներս բախտավոր ըլնեն: Է՛հ…