
Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի
Դասամիջոց էր: Երեխաները կանգնած էին իրար կողքի և զրուցում էին.
-Դասը սովորե՞լ ես,- հարցրեց երեխաներից մեկը մյուսին:
-Իհարկե, դո՞ւ:
-Էդքան էլ լավ չէ:
Հանկարծ զանգը հնչեց: Բոլորը նստեցին իրենց տեղերում:
Մի քանի րոպե նրանք լուռ էին, բայց աշակերտներից մեկը խախտեց լռությունը.
-Էս ի՞նչ զարմանալի բան ա: Մեր ուսուցչուհին երբեք չի ուշանում: Կարո՞ղ ա` ինչ-որ բան ա պատահել:
-Գուցե նա քնա՞ծ է մնացել,- ենթադրեց աշակերտներից մեկը:
-Կամ այսօր էլ ինքը դասին պատրաստ չի և ամաչում է ներս գալ,- իր կարծիքը հայտնեց երկրորդը:
-Գուցե այլմոլորակայիններն են տարել իրենց մոլորակ, ի՞նչ իմանաս,- ասաց մյուսը:
-Է՜, դու շատ ֆանտաստիկ բան ես ասում,- չհամաձայնեց նրա հետ առաջին աշակերտը:
-Ինչի քո ասածը ֆանտաստիկ չէ՞ր: Ուսուցիչները երբեք քնած չեն մնում:
-Ինչի ուսուցիչները մարդիկ չե՞ն: Յուրաքանչյուրն էլ կարող է քնած մնալ:
-Դե…- չիմացավ ինչ պատասխանի վիճող աշակերտը շփոթված:
-Հնարավոր է` նա ինձ պես հեռվից է գալիս և հիմա կանգնած երթուղային տաքսուն է սպասում,- բացակայության պատճառը փորձեց գուշակել մեկ ուրիշը:
-Կամ արդեն երթուղայինի մեջ է, որն էլ կանգնած է խցանման մեջ,-շարունակեց խոսակցությունը մի այլ աշակերտ:
-Գուցե նա սխալմամբ ուրիշ երթուղային տաքսի է նստել և հիմա քաղաքի մյուս ծայրում է:
-Կամ էլ` սոված է դուրս եկել տնից, նրա մայրիկն էլ իմանալով այդ մասին, զանգել է ու կանչել տուն՝ հաց ուտելու: Այդպես կարող է լինել, իմ փորձից եմ ասում,- չէին դադարում կիսվել իրենց վարկածներով երեխաները:
-Ինձ էլ թվում է, որ նա տանը ինչ-որ բան է մոռացել, օրինակ՝ աշակերտների տետրերը, և վերադարձել է տուն՝ վերցնելու:
-Այդ ամենից ոչ մեկն էլ չի, երևի նա ուղղակի երեկ ծնունդ էր գնացել կամ հարսանիք և այդ պատճառով էլ այսօր չի եկել:
-Կարող է` նա ուղղակի իրեն մի քիչ վատ է զգացել ու չի եկել,- ասաց երեխաներից մեկը, և բոլորը լրջացան:
-Կամ աստիճաններից գլորվել է ցած ու մի տեղը կոտրել է,- ասաց մյուսը, և բոլորն իրար նայեցին:
-Հուսանք նրա հետ ոչ մի վատ բան չի պատահել, նա շատ լավն է,-անկեղծորեն արտահայտվեց նրանցից մեկը՝ դեմքի լուրջ արտահայտությամբ: Մի քանի րոպե տիրած լռությունը խախտվեց դռան ճռռոցով:
-Ներեցեք, ես տնօրենի մոտ էի, մի կարևոր հարց էինք քննարկում: Նստե՛ք,- լսվեց ուսուցչուհու ձայնը:
-Ինչ լավ է,- ժպտալով պատասխանեցին երեխաները:
-Իհարկե, ձեզ համար լավ է իմ ուշացումը, դասից արդեն 20 րոպե անցել է,- ասաց ուսուցչուհին:
-Չէ, լավ է, որ Ձեզ հետ ոչ մի վատ բան չի պատահել,- ասացին աշակերտները:
Ուսուցչուհին ժպտաց, և դասը սկսվեց: