
Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի
Չնայած մշտական բողոքներիս, թե մեր գյուղում զբաղմունք չկա, որ կարող էր ավելի լավը լինել, ես այն շատ եմ սիրում, ինչպես բոլոր մարդիկ սիրում են իրենց գյուղերն ու քաղաքները:
Մինչև մեր հարևան գյուղեր գնալը, որ ասում էին` մեր գյուղամեջը, պատկերացնում էի մի շրջանաձև կամ օվալաձև ընդարձակ տարածություն, որտեղ միշտ շատ մարդիկ են լինում, բայց հետո տեսա ու պարզվեց, որ հրապարակ կոչվածը ընդամենը իրենց գյուղի ամենալայն փողոցն է:
Գլուխ գովել չլինի, բայց ախր, մերն ուրիշ է: Մեր Դսեղի հրապարակից մտնում ու դուրս են գալիս հինգ փողոցներ, այնտեղ միշտ մարդաշատ է` Ամանորի գիշերը, հարսանիքների ժամանակ, Վերջին զանգին: Իսկ թե հանկարծ մարդ էլ չի լինում, Մեծ լոռեցին անքուն հսկիչի նման միշտ ներկա է, գյուղամիջի ամենատեսանելի վայրում կանգնած`Դսեղ եկողներին բարի գալուստ մաղթելու ու «Դբա լավը» ճանապարհելու:
Մեր հրապարակի կենտրոնում երկու ծառեր կան, մյուսներից կտրված, որոնք, ինչ ինձ հիշում եմ, ամեն ձմեռ տոնածառ են դառնում: Մյուս ծայրին էլ «եռանկյունին» է, ուր ես ժամերով սպասում եմ իմ մշտապես ուշացող ընկերուհուն. այն հանդիպման ու բաժանման վայր է դպրոցից գալիս ու գնալիս, այսօր արդեն համարյա 10 տարի:
Մի ուրիշ ծայրին էլ երկաթե վագոն կա, որի վրա դեռ պահպանվում են անցած ընտրություններից մնացած թեկնածուների նկարները, որ մեկ էլ հինգ տարի հետո են պոկելու, այն էլ նորերը փակցնելու համար:
Այնտեղ կանգառ էլ կա, որը անհիշելի ժամանակներից ոչ մի փոխադրամիջոցի երես չի տեսել:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի
Ես գյուղս շատ եմ սիրում, համարյա այդքան սիրում եմ նաև հրապարակը` իր կիսադատարկ լողավազանով, միակ շատրվանով, ծառերի տակ զրուցող ծերերով ու Մշակույթի տան դիմաց հերթապահող իմ համագյուղացիներով :
Հիմա ուրիշ գյուղացիներ կասեն. «Ի՞նչ ասեցիր որ, էն ո՞վ գյուղամեջ չունի»: Ախր, մերն ուրիշ է: Ձերը`գյուղամեջ է, մերը` հրապարակ: