
Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի
Ահա եկավ օրը, երբ ես պիտի գնամ Գնդեվազ: Մայրիկս ինձ ճանապարհում է ավտոբուսով: Ամեն անգամ, երբ ես Եղեգնաձորից գնում եմ գյուղ, մայրիկը ավտոբուսում, սկսած վարորդից մինչև կողքիս նստողը, զգուշացնում է բոլորին, որպեսզի հիշեցնեն ինձ` իջնել կամարի տակ:
-Նոնա, էս անգամ մեծ ես, էլ չեմ ասի բոլորին,- ասաց մայրիկս:
Ուրախացա, բայց դեռ շուտ էր ի ուրախանում, մայրս ավելացրեց.
-Մենակ վարորդին կասեմ:
-Դե լավ, մամ, դե գնա, շարժվում ենք արդեն,- հրաժեշտ տվեցի մայրիկին:

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի
Ահա և ես հասա գյուղ: Ինձ դիմավորելու են եկել քույրս և եղբայրս: Զրուցելով գնում էինք, և հանկարծ հեռվից մոտեցող մի ձայն լսվեց.
-Էս մեր Սամվելի աղջիկն ա, հա էլի, աղջի, նայի` ինչքան ա մեծացել:
Եվ ահա մոտեցան.
-Բարև, աղջիկ ջան: Ինչքան ես մեծացել, փոխվել… Չճանաչեցինք, հա:
-Բարև ձեզ,- պատասխանում եմ ես` թաքցնելով, որ ընդհանրապես չճանաչեցի նրանց:

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի
Այսպես լինում է ամեն քայլափոխին, երբ ես գնում եմ տատիկիս գյուղ` Գնդեվազ: Հետո հարցնում եմ.
-Նունե, էս ովքե՞ր էին էս մարդիկ:
-Վա~յ, Նոնա, ո՞նց կարաս չճանաչես մեր…,- և այդպես մի երկու րոպե:
Ամեն արձակուրդների պարտադիր այցելում եմ գյուղ և այնտեղ անցկացնում արձակուրդներս: Մոռացա նշել, որ այստեղ ունեմ տատիկ և երկու հորեղբայր: Այստեղ ամեն ինչ հեքիաթային է, մանավանդ ձմռանը: Բնությունը հրաշալի, մարդիկ բարի են և ազնիվ, կան շատ երեխաներ, որոնց հետ կարող եմ անդադար զրուցել ու զբոսնել գյուղում ու գյուխի շրջակայքում:

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի
Այստեղ շատ զբոսաշրջիկներ են գալիս հայկական գյուղով զմայլվելու և մարդկանց հետ շփվելու համար: Ձմեռային արձակուրդներին քրոջս և եղբորս հետ միասին դուրս ենք գալիս վայելելու ձյունը` սահնակ քշելու, ձնագնդիկ խաղալու ու, հասկացաք էլի:
-Նու~նե, Վա~հե, Նոնա արագացրեք տուն բարձրացեք մրսեցիք արդեն:
-Լավ էլի Հեղինե հարսիկ ես հեսա գնալու եմ թող մի քիչ էլ մնանք: Երեխաների նման համոզում էինք հարսիկին:

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի
Հետո բարձրանում ենք տուն և մրսած խմում ենք կովի անուշաբույր կաթը: Պատկերացրեք, որ դրանից մեծագույն հաճույք չկա: Մենք երեխաներով երբեք չենք ձանձրանում անընդհատ գտնում ենք մի հետաքրքիր զբաղմունք: Ասեմ, որ նրանց տանը երբեք չկա դատարկություն միշտ հարևանի երեխաները նրանց տանն են: Տարիներ առաջ պապս կատակով ասել է երեխաներին.
-Մի սհաթ էլ քնացեք Աղաջանենց տունը, էլի,- ասում է տատիկս:
Աղաջանը մեր հարևանն է: Ամեն անգամ կարոտով հիշում ենք և ծիծաղում:
Ես շատ եմ սիրում տնային կենդանիներ: Այդ իմանալով տատս ամեն անգամ ինձ կանչում է իր մոտ, որպեսզի օգնեմ իրեն կենդանիներին կերակրելիս:
Ահա և ժամը յոթն է: Իհարկե, դուք չհասկացաք` ինչ է դա, և ես շտապում եմ ձեզ ասել, որ դա ոչխարներին բերելու ժամն է:
-Վա~հե, սպասի մենք էլ ենք գալիս:

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի
Եղբորս հետ իջնում ենք ներքև: Այդ գործընթացը ևս հետաքրքիր է` ընթացքում մենք զրուցում ենք երեխաների հետ, իսկ հետո ամեն մեկս մեր ճիպոտներով քշում-բերում ենք ոչխարներին, առանձնացնում նրանց և մտցնում գոմ:
Արդեն ուշ երեկո է` ամենասիրելի և սպասված պահերից մեկը: Յուրաքանչյուրս նստած մեր տեղում սպասում ենք Հարսիկիս պատրաստած ընթրիքին այնպես, ինչպես երեխաները սպասում են Ձմեռ պապիկի ներս մտնելուն: Երեկոյան միասին ընթրիք: Դա շատ հաճելի է, երբ նստում ենք մեծ սեղանի շուրջը և զրուցում մեր խնդիրների և վաղվա ամեն մեկիս անելիքների մասին: Քաղաքում այդպես չէ:
Ահա և հասնում է իմ գնալու ժամանակը: Այցելում եմ մյուս հորեղբորս և «հաջող անում» երեխաներին: Բաժանման պահ` ամենածանր պահը, մանավանդ, որ շատ հաճելի ժամանակ ենք անցկացրել միասին: Ահա և մենք կամարի մոտ սպասում ենք ավտոբուսին:
Հ.Գ Ամենալավ տարիները և պահերը մենք անցկացնում ենք գյուղում մեր տատիկների և պապիկների հետ միասին: Ասես ողջ տարվա համար լիցքավորվում ենք: Հաճախ գնացեք գյուղ, ստացեք և պարգևեք հաճելի զգացողություններ ձեր հարազատներին: Քանի որ մի քանի տարի հետո շատ հաճելի կլինի միասին հիշել գյուղում անցկացրած լավագույն օրերը: