
Լուսանկարը՝ Նինա Բաղոյանի
Ինչպես մենք` երիտասարդներս, կարող ենք օգնել մեր երկրի բաելավմանը մեր ներկա աշխատանքով։Մտածում էի, և վերջապես օրերից մի օր գտա այս հարցի պատասխանը: Ճիշտ մասնագիտություն ընտրել: Քո ապագա մասնագիտությունը պետք է հետաքրքրի քեզ և մոտ լինի քո բնավորությանը:
Օրը եկավ, և ես նույնպես պետք է ընտրեի իմ ապագա մասնագիտությունը: Մի քանի տարի է, ինչ այս հարցը տանջում է ինձ, ցավոք, ես չէի կողմնորոշվում:
Առաջին դասարան.
-Ուզում եմ, ուզում եմ ուսուցչուհի դառնալ:
Հինգերորդ դասարան.
-Ուզում եմ թարգմանչուհի դառնալ:
Ութերորդ դասարան.
-Ուզում եմ լրագրող դառնալ:
Իններորդ դասարան.
-Ուզում եմ դերասանուհի դառնալ:
Տասներորդ դասարան.
-Ուզում եմ էքսկուրսավար դառնալ:
Տասնմեկերորդ դասարան.
-Ուզում եմ քաղաքագետ դառնալ:
Եկավ վճռական պահը` տասներկուերորդ դասարանը: Լուրջ որոշում էր սպասվում իմ նման ժպտերեսիկ ու ամեն հարցին թեթև նայող աղջնակին: Ցավոք, վերջնական պատասխան չունեի: Բայց արդեն ժամանակ չկար, պետք է արագ կողմնորոշվեի:
Ինքս ինձ հարցեր տալով փորձում էի գտնել այս դժվարին հարցի պատասխանը: Քանի որ ես շատ- շատ սիրում եմ խոսել, բացատրել, դպրոցը, անգլերեն լեզուն և երեխաներին, մի փոքր էլ ունեմ մանկավարժի հմտություններ, ուստի այս հատկանիշներ ունեցող անձը կարող է ընտրել անգլերենի ուսուցչի մասնագիտությունը:
Օօօֆ, վերջապես դժվարին հարցի լուծումը տրված է: Փաստորեն մանկության երազանքս իրագործելու շեմին եմ:
Այսօր ես ուսանող եմ, ընդունվել եմ Բրուսովի անվան լեզվաբանական համալսարան: Ես ապագա մանկավարժ եմ: Հուսով եմ, որ ապագայում կլինեմ լավ ուսուցիչ, կկրթեմ խելացի և բանիմաց սերունդ: Իսկ կիրթ ու բանիմացը սերունդ ունեցող երկիրը չի կարող թույլ լինել: Իմ ապագա մասնագիտությունը օգնելու է լինել պիտանի քաղաքացի իմ հայրենիքի համար: Լավ մասնագետ դառնալը ևս մի տարբերակ է լինել արժանի քաղաքացի և օգնել հայրենիքին:
Քանի դեռ ուսանող եմ, լավ եմ սովորելու, որպեսզի որակյալ մասնագետ դառնամ: Սակայն երբ ավարտե՞մ. Արդյո՞ք կգտնեմ աշխատանք իմ մասնագիտությամբ: Հուսով եմ, մինչ այդ ամեն բան լավ կլինի: