Հարցազրույց Արարատի մարզի Մրգավան գյուղի ամբուլատորիայի բժշկուհի Հասմիկ Մանուկյանի և բուժքույր Պայծառ Ալեքսանյանի հետ:
-Մրգավանի ամբուլատորիան համապատասխանո՞ւմ է ձեր գյուղի բնակչության թվաքանակին։
-Դե, այո, համապատասխանում է, քանի որ ունենք քիչ բնակչություն, սակայն մեզ մոտ գալիս են նաև հարևան գյուղերից։
-Իսկ հարևան գյուղերում չկա՞ն ամբուլատորիաներ։
-Կան, ուղղակի մեզ մոտ են գալիս, որովհետև մեր բժշկուհուն շատ են հավանում։
-Ի՞նչ հիվանդներ են ընդհանրապես գալիս։
-Բոլոր տարիքի հիվանդներ գալիս են, երեխաներից սկսած մինչև մեծահասակներ:
-Ամենահաճախ ի՞նչ հիվանդություններով հիվանդներ են դիմում ձեզ։
-Տարբեր հիվանդներ են մեզ դիմում, բայց ամենից հաճախ սուր շնչառական վարակով հիվանդներ։

Լուսանկարը` Հռիփսիմե Վարդանյանի
-Իսկ այդ ժամանակ ի՞նչ բուժօգնություն եք ցույց տալիս։
-Տարբեր, ելնելով հիվանդի վիճակից։
-Օրինակ կարո՞ղ եք բերել` դե՞ղ եք նշանակում, թե՞…
-Դե, նայած ինչ հիվանդ է։
-Իսկ երբ դեղ եք նշանակում, դո՞ւք եք տրամադրում, թե՞ հիվանդը պիտի գնի։
-Կա բնակիչների որոշ խումբ, օրինակ՝սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք ստանում են անվճար։Ամբուլատորիայից դեղատոմս են վերցնում և դեղատնից ստանում։ Բայց մյուս հիվանդները իրենք են գնում։ Անվճար դեղ են ստանում նաև 0-7 տարեկան երեխաները։
-Եթե այնպիսի հիվանդ է գալիս, որ դուք չեք կարող համապատասխան օգնություն ցույց տալ, ի՞նչ եք անում այդ ժամանակ։
-Դե, այդ դեպքում առաջին օգնություն ենք ցույց տալիս և ուղեգրում համապատասխան ստուգման։

Լուսանկարը` Անի Սարգսյանի
-Իսկ ամենաբարդ դեպքը ո՞րն է եղել, երբ ձեզ մոտ հիվանդ է եկել։
-Այդպիսի դեպքեր շատ են եղել, օրինակ, սրտամկանի ինֆարկտ. ախտորոշել ենք, շտապ ուղեգրում հիվանդանոց։ Չմոռանամ ասել, որ ունենում ենք նաև տնային կանչեր։
-Իսկ, հետաքրքիր է, լինո՞ւմ են կանչեր գիշերային ժամերին, չէ որ դուք 24 ժամ չեք աշխատում։
-Այո, լինում են։
-Իսկ ինչպե՞ս եք կազմակերպում։
-Տնից։Այ, դա է բժշկի և բուժքրոջ տաժանակիր աշխատանքը՝օր ու գիշեր։
-Իսկ հաճա՞խ են լինում նման դեպքեր։
-Այո, զանգում են գիշերվա ցանկացած ժամի։
-Էլ ի՞նչ կասեք ձեր ամբուլատորիայի մասին։
-Դե, մենք ոչ միայն հիվանդներին ենք հսկում, այլև հետևում ենք բնակչության առողջությանը։ Տարբեր տարիքային խմբերի մարդկանց հետազոտություններ ենք անցկացնում։ Օրինակ՝ զարկերակային ճնշման չափում, արյան մեջ գլյուկոզայի որոշում և այլն…Նաև պրոֆիլակտիկ պատվաստումներ ենք կատարում։ Պատվաստումների ազգային օրացույց ունենք։ Ըստ այդ օրացույցի և ըստ տարիքային խմբերի կանչում ենք այստեղ և պատվաստում։ Հետևում ենք նորածիններին։
-Իսկ ունե՞ք անհրաժեշտ տեխնիկա։
-Այո, ունենք։
-Իսկ դրանք ձեզ հիվանդանոցի՞ց են տրամադրում, թե՞ գյուղապետարանն է տալիս։
-Տեխնիկան մեզ տրամադրել է Համաշխարհային բանկը, և բոլոր ամբուլատորիաներին է տրամադրել։ Առողջապահական ծրագրեր գոյություն ունեն, որոնց արդյունքում բուժհիմնարկները հագեցվում են համապատասխան սարքավորումներով։
Հարցազրույցը վարեցին` Հռիփսիմե Վարդանյանը, Անի Սարգսյանը, Քրիստինե Մկրտչյանը
Գրի առավ` Հասմիկ Գալստյանը