
Լուսանկարը՝ Նելլի Բեգլարյանի
Ամառ՝ տարվա միակ եղանակը, որ չես հասկանում , թե ինչպես անցավ: Դա երևի նրանից է, որ երկար սպասված արձակուրդների մեծ մասը անց ես կացնում դաշտերում՝ օգնելով ծնողներին: Չնայած եղանակային կտրուկ փոփոխություններին, օրերը մեր գյուղում անցնում են հիանալի: Գեղեցիկ բնությունը անմասն չի մնում ժամանակդ լավ անցկացնելու գործում: Շրջապատված լինելով գողտրիկ բնությամբ, բավական է միայն նստես մի ծառի ստվերում, փակես աչքերդ ու հանգստանաս: Հաճախակի կազմակերպվում են ճամբարներ, որտեղ մեծ սիրով մասնակցում են գյուղի փոքրիկ բնակիչները, երիտասարդները, և ինչու չէ, նաև մեծահասակները՝ իրենց փոքրիկ ներդրումներով: Չնայած սրտի թրթիռով սպասում էինք Վարդավառին, բայց ամեն արևոտ օր մեզ համար Վարդավառ է: Երեխաները վազվզում են այս ու այն կողմ՝ փոքրիկ դույլերը ձեռքներին թրջված հագուստով ուրախանում են իրենց խաղով, և ուրախացնում ծնողներին՝ այդ օրը դարձնելով նրանց համար կրկնակի տոն: Երեկոները հավաքվում ենք խարույկի շուրջը և լսում մեծերի հետաքրքիր և զվարճալի պատմությունները: Տրամադրությունդ բարձրանում է հատկապես այն ժամանակ, երբ ականատես ես լինում արևաշող լուսաբացին ու մայրամուտին: Եվ այսպես էլ անցնում է ամառը մեր գյուղում՝ ճիշտ է, մի փոքր հոգսաշատ, բայց պայծառ և հրաշալի:

Լուսանկարը՝ Նելլի Բեգլարյանի