
Լուսանկարը` Ժաննա Սարգսյանի
Զրուցակիցս «Լիլիթ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Լիլիթ Ազարյանն է:
-Երբվանի՞ց ես սկսել զբաղվել պարով, ի՞նչ կրթություն ես ստացել և ինչպե՞ս ես կայացրել պարուհի դառնալու որոշումը:
-Պարով սկսել եմ զբաղվել այնքան փոքր տարիքից, որ նույնիսկ չեմ էլ հիշում: Սովորել եմ Վանաձորի պարարվեստի դպրոցում, այնուհետև ընդունվել եմ պարարվեստի պետական քոլեջ: Քանի որ մանկուց սիրել եմ պարը, ուրիշ մասնագիտության մասին չեմ էլ մտածել:
-Ե՞րբ և ինչպե՞ս ես ձևավորել «Լիլիթ» պարային համույթը, ովքե՞ր են քեզ հետ միասին ներգրավված եղել այդ գործում, և ինչպե՞ս է դրան վերաբերվել ընտանիքդ:
-Պարային համույթը սկսել է գործել 2015 թվականից, սկզբնական շրջանում պար դասավանդում էի միայն իմ բնակավայր Վանաձորում, հետո արդեն սկսեցի գյուղեր այցելել և խմբակներ ձևավորել: Ընտանիքս ողջունել է իմ այդ որոշումը, անգամ պարային համույթի ամբողջ զգեստները կարում ենք ես ու մայրս:

Լուսանկարը` Ժաննա Սարգսյանի
-Պարային համույթը Վանաձորո՞ւմ է, քանի՞ խումբ ունես, և ի՞նչ տարիքի երեխաներ են սովորում:
-«Լիլիթ» պարային համույթն ընդգրկում է 6 տարբեր գյուղերի երեխաների: Ամեն պարային խումբ գործում է հենց տվյալ գյուղում: Ես գնում եմ գյուղ, ամեն գյուղում 2 օր դասավանդում եմ: Լինում են օրեր, երբ 2 գյուղ եմ այցելում և երկու խմբին էլ դասավանդում: «Լիլիթ» պարային համույթում երեխաների ընդունելությունը սկսվում է 4 տարեկանից:
-Ինչքա՞ն ժամանակ է, որ գործում է համույթը և ի՞նչ հաջողություններ է գրանցել:
-Համույթը գործում է արդեն 3 տարի, ունի բազմաթիվ շնորհակալագրեր, մեդալներ և պատվոգրեր, բայց ամենամեծ հաջողությունը 2017 թվականին էր: 2017 թվականի մարտին համույթը մասնակցեց «Մինորա» մշակութային կենտրոնում կազմակերպված «Նազանք» փառատոնին և համապատասխան տարիքային ու ոճային խմբում գրավեց առաջին տեղը «Տավիղ» պարով:
-Լիլիթ, ի՞նչ է քեզ համար պարը:
-Երևի բառերով չկարողանամ բացատրել: Պարն ինձ համար ապրելակերպ է, որով շնչում և արտաշնչում եմ:
-Հետագա ի՞նչ պլաններ կան:
-Նախատեսում եմ ավելացնել երեխաների թիվը: Չնայած ժամանակի մեջ հազիվ եմ տեղավորվում, բայց դա ինձ չի խանգարում, և ես սիրով եմ կատարում իմ գործը: