
Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի
Իսկ դու երբևէ լսե՞լ ես, որ մեր երկրում նշվում է մեր ամենասիրելի ուտելիքի՝ խորովածի փառատոնը։ Այս համեղ փառատոնը, որն ամենամյա է դարձել, այս տարի կազմակերպվել էր օգոստոսի 20-ին՝ արդեն 9-րդ անգամ։ Ինչպես միշտ՝ այն նշվեց մեծ շուքով և հանդիսավորությամբ։

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի
Փառատոնը կազմակերպվում է Լոռու գեղեցիկ և պատմամշակութային արժեք ունեցող Ախթալա քաղաքում։ Ինչպես նշեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանաման» ՀԿ-ի նախագահ պարոն Սեդրակ Մամուլյանը՝ միջոցառման գլխավոր նպատակը զբոսաշրջության զարգացմանը նպաստելն է, ինչպես նաև՝ հայ խոհարարական ավանդույթների տարածումը։ Եվ ավելացրեց.
-Փառատոնի կազմակերպմանն աջակցել են Լոռու մարզպետարանը, Ալավերդու քաղաքապետարանը և այլ կազմակերպություններ։ Միջոցառումը կազմակերպվում է Ախթալայի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում, որը վիճելի տարածք է մեր և վրացիների միջև, և այս միջոցառումն ապացուցում է, որ կարևորը ազգային պատկանելությունը չէ, կարևորը տոնն է, որը համախմբում է մեզ և մեր վրացի ընկերներին։ Փառատոնի նպատակներից մեկն էլ այն է, որ ախթալեցին հնարավորություն ունենա շահույթ ստանալու։

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի
Փառատոնի մասնակիցները մրցում էին մի քանի անվանակարգերում՝ «ամենահամեղ խորոված», «ամենանորարար մասնակից» և այլն։ Ժյուրիի անդամներն էին հայտնի երգիչներ Մկրտիչ Մկրտչյանը, Դավիթ Ամալյանը և երգչուհի Լեյլա Սարիբեկյանը։ Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց «Լուսաբաց» ռեստորանի խոհարարների թիմը։

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի
Փառատոնի ընթացքում իրենց ելույթներով հանդես եկան Հայաստանում և սփյուռքում հայտնի մի քանի երգիչներ և երաժշտական խմբեր։ «Ադանա փրոջեքթը» իր ռոքային կատարումներով ոգևորեց և աշխուժացրեց մասնակիցներին և այցելուներին։ Հանդես եկավ նաև Թուրքիայում Հայաստանի ներկայացուցիչ երգչուհի Սիբիլը։ Համերգային ծրագրի երկրորդ մասում հնչեցին հայկական ժողովրդական երգեր։

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի
Փառատոնն անցավ հետաքրքիր և ոգևորիչ մթնոլորտում։