
Լուսանկարը՝ Էլյանորա Բալյանի
Ինչքան էլ ցավով եմ նշում, բայց մեր փոքրիկ գյուղում` Կալավանում, թեթև հիվանդներին անգամ դժվար է օգնություն ցուցաբերել: Փոքրիկ բուժկետը, որն արդեն բավական ժամանակ է վերանորոգման կարիք ունի, միայն սովորական դեղերով կարող է օգնել: Բայց այնտեղ էլ այնքան խոնավ է, որ նույնիսկ պատերն են բորբոսնում, իսկ դեղերը այդ պայմաններում դժվար երկար պահպանվեն:
Հիշում եմ, տարիներ առաջ, երբ նոր էր վերանորոգվել, հաճախ էինք գնում դեղեր ստանալու: Նույնիսկ մեծ մեքենայով բժիշկներ էին գալիս, գյուղացիները իրենց խնդիրներով դիմում էին և անվճար օգնություն ստանում:
Հիմա էլ առաջվանը չի, խոնավությունից բուժկետը աստիճանաբար ահավոր տեսք ստացավ, իսկ բժիշկները դադարեցին այցելել, և այդպես հիվանդներին առաջին օգնությունը ցուցաբերում են տան պայմաններում, իսկ հետո, եթե հիվանդությունը խորանում է, հիվանդի ազգականները նրան տանում են հիվանդանոց` կամ Ճամբարակ, կամ Դիլիջան, կամ մեկ այլ հիվանդանոց: Երբեմն` բավական ուշացած:
Բայց մեզ համար արդեն սովորական է դարձել…