
Լուսանկարը՝ Արուսիկ Սահակյանի
Տարիներ առաջ, երբ ավելի հաճախ էի ազատ ժամանակ ունենում ու գնում գյուղ՝ տատիկիս ու պապիկիս տուն, պապիկիս հետ ամեն օր դուրս էինք գալիս մեր այգի զբոսնելու: Փարթամ այգի ունեինք, ամեն մի ծառն իր պատմությունն ուներ: Այգու ամենավերևում հաստաբուն մի խնձորենի կար, պապս ասում էր.
-Էս Արմենիս ծառն ա:
Արմենը հայրս է՝ պապիկիս մեծ որդին:
Ես ուրախանում էի, հպարտանում երեխաների մոտ , թե գիտե՞ք, էս իմ պապայի ծառն ա: Բայց երբ հպարտությունս մի քիչ անցավ, սկսեց ինձ հետաքրքրել, թե ինչո՞ւ է սա իմ հոր ծառը: Մի անգամ էլ հարցրի պապիկիս.
-Պա՛պ, էտ խի՞ ա պապայի ծառը:
-Երբ Արմենս ծնվեց, Հայկո պապը էս ծառը տնկեց, արդեն երեսունյոթ տարի ա անցել:
-Պա՜պ երբ մարդիկ ծնվում են ու իրանց պապին ծառ ա տնկում, էտ արդեն իրանց ծա՞ռն ա դառնում:
-Հա, բա ոնց:
-Պապ, բա ես ծառ ունե՞մ:
Պապս աչքի տակով ժպտաց, ու ցույց տվեց խնձորենուց մի քանի մետր այն կողմ գտնվող երիտասարդ ծիրանենին: Ես արդեն ավելի հպարտ էի. այդ մեծ այգում ես էլ ունեմ իմ ծառը:

Լուսանկարը՝ Արուսիկ Սահակյանի
Հորս ծառը շատ էի սիրում, կարելի է ասել, ինչպես հորս: Օրվա մեծ մասը հայրս տանը չէր լինում, նրան փոխարինում էր իր ծառը: Երբ հորեղբորս երեխաները կոտրում էին ճյուղերը, պոկում տերևները, վնաս էին տալիս ծառին, ես պաշտպանում էի ծառը ու ափսոսում ամեն մի տերևը, ամեն մի ճյուղը: Ես կարծում էի, թե այդպես հորս են վնասում: Սկսում էի անհանգստանալ, ավելի անհամբեր սպասել հորս տուն գալուն:
Արդեն մի ամիս է, որ գյուղ չեմ գնացել, կես տարի է, որ այգում չեմ զբոսնել: Կարոտել եմ ամեն մի ծառը, ճյուղերը: Նրանք շատ ավելին գիտեն իմ մասին: Այգում տարեցտարի նոր ծառ է ավելանում, ամեն ծառն ունի իր տերը: Իսկ դա նշանակում է, որ մեր գերդաստանը մեծանում է: