Արձակուրդներին նախորդող շաբաթն ընդհանուր առմամբ ծանրաբեռնված չէր, նույնիսկ շատ հետաքրքիր էր ու թեթև, որովհետև սիրելի ուսուցիչներիցս մեկը հերթական, բայց իր վերջին միջոցառումն էր կազմակերպել մեզ մոտ: Անելու դաս գրեթե չկար: Ինչո՞ւ: Որովհետև առջևում սպասված գարնանային և ուրախ մեկ շաբաթն էր: Թվում էր, թե մեկ շաբաթում կհասցնեմ լրացնել բացթողումները: Թվում էր… Այդպես էլ ծրագրել էի: Բայց… Գիտե՞ք` միշտ այդպես է լինում, որոշում եմ սահմանափակ ժամանակում կատարել առավելագույնը, բայց ոչ միշտ է հաջողվում: Այսինքն` կհաջողվի, եթե լուրջ տրամադրվեմ, ինչը սակայն միշտ չէ, որ ստացվում է: Եվ ամեն անգամ նույն խառնաշփոթն է ստեղծվում: Վերջին օրերին նոր սկսում եմ քրտնաջան աշխատել: Աշխատել` մտածելով միայն մի բանի մասին` դաս, դաս, դաս: Բայց արի ու տես, որ էլի չեմ խրատվում. շարունակում եմ նույն կերպ` անգիտակցաբար սպասելով, մինչև գա հերթականի ժամանակը: Այս շաբաթն էլ բացառություն չէր: Մեղքս ինչ թաքցնեմ, շաբաթվա սկզբում մի լավ հանգստացա` չանելով ոչինչ: Բայց հետո «հանկարծ» հիշեցի, որ լիքը անելու բան ունեմ: Գործի անցա, բայց դե, դժվար թե հասցնեի վերջին երկու օրում սկսել և ավարտել ամեն ինչ միանգամից: Իսկ այդ ընթացքում ինչե՜ր կարելի էր հասցնել: Այն պատիժը, որը ես կրում եմ հենց իմ սխալի համար, անելիքներիս կիսատ-պռատ լինելն է: Մտածում եմ ՝ ու ամբողջ կյանքո՞ւմ եմ ամեն ինչ թողնելու վերջին օրվան: Գործել է պետք:
