
Լուսանկարը` Լենա Մանուսարյանի
Մեր նպատակները այն երազանքային ծաղիկներն են, որոնց ցանկանում ենք հետագայում հանդիպել մեր ճանապարհին: Սակայն չէ որ ոչինչ առանց սերմի, խնամքի և հոգատարության չի ծաղկում: Ինչպես ծաղիկների փթթուն տեսքի համար նրանց խնամել, ջրել, մշակել է հարկավոր, այնպես էլ մեր նպատակների իրագործման համար պետք է ուժ, եռանդ, համբերատարություն և, ամենակարևորը, կամքի մեծ ուժ ցուցաբերել: Գուցե ուժեղ կամք ոչ բոլորին է տրված, բայց մի՞թե մեզնից յուրաքանչյուրը թե՚ բացահայտ, թե՚ քողարկված նպատակներ չունի: Ամեն դեպքում ես հավատում եմ, որ մարդկային մտքի և հոգու անսահմանափակ կարողություններն են ստեղծում ամենամնայուն արժեքները, իսկ մարդու հաջողության առանցքը կամային դրսևորումն է: Նպատակն ամուր հիմնասյուն է, որն անքակտելիորեն կանգնած է կայունության և կոնկրետ նպատակաուղղվածության պատվանդանին: Կամքի դերը անտեսանելի մի ուժով հիմնասյան անխախտելիությունն ու անխոտորության պահպանելն է: Կամքը ուժ է, որով մարդիկ անպարտելի են դառնում, որով մի օր հասնում են հեռվից ժպտացող այն փոքրիկ, լուսավոր կետին, որն իրականում բավականին մեծ նշանակություն ունի: Այդ փոքրիկ կետը երկար ժամանակ փայփայած նպատակն է, երբեմնի երազանքն ու իղձը: Մարդիկ ուժեղ են, քանի դեռ անհաղթելի է ոգու կորովը, նրանք ունեն նպատակներ, քանի դեռ առաջ մղող ուժի անվանումը հավատ է: Հաջողակ են, եթե լավատեսությունն է նրանց ուղեկիցը, երջանիկ են, եթե նպատակի ակունքները բխում են կամքից:Ու այս ամենից հետո մնում հետեվություն կատարելով՝ ավելացնել ՝ ինչքան էլ դեպի նպատակ տանող ճանապարհները փնտրենք այլ աշխարհներում, ուրիշների հայացքներում այնուամենայնիվ այնտեղ տանող միակ միջոցը մեր հոգու անհուն խորքերից է սկսվում, այնտեղից , որտեղ ծնվում է մարդուն կենդանական աշխարհից զատող հատկանիշներից մեկը՝ կամքը: