
Լուսանկարը` Էրիկ Ալեքսանյանի
Մի քանի օր առաջ սկսվեց Բաղանիսում հազվադեպ կառուցվող տներից մեկի շինարարությունը:Հազվադեպ, որովհետև մնացած մարդիկ ցանկանում են հեռանալ գյուղից, քան թե սահմանի բերանին տուն կառուցել: Տուն կառուցողը իմ հորեղբայրն է: Տան կառուցման համար իրենց օգնությունն են առաջարկել շատ գյուղացիներ: Տան շինարարությանը մենք սպասել ենք չորս տարի: Եվ վերջապես եկել է այդ պահը: Հորեղբայրս ցանկանում է մինչև Նոր տարի վերջացնել առաջին հարկի շինարարությունը: Սակայն դա կախված է եղանակից և սահմանային իրադրությունից:
Ես և եղբայրս մասնակցում ենք տան շինարարությանը: Մեր ընկերները նույնպես առաջարկում են իրենց օգնությունը: Մի խոսքով, Բաղանիսում կառուցվող յուրաքանչյուր տանը սպասում են բոլոր բնակիչները: Այն գումարը, որով հորեղբայրս կառուցում է տունը, վաստակել է անասնապահությամբ, իսկ անասունները պահել է սահմանամերձ արոտավայրերում:

Լուսանկարը` Էրիկ Ալեքսանյանի
Մի խոսքով, սահմանամերձ գյուղում ամեն պահը շատ վտանգավոր է. դա լինի անասուն պահել, խոտ հնձել, տուն կառուցել, թե ուղղակի խաղալ դրսում:
Բայց այսօր բոլորս ենք ուրախ. Բաղանիսում նոր տան շինարարություն է սկսվել: