
Լուսանկարը՝ Հովհաննես Սարգսյանի
20 օր առանց հեռուստացույցի, համակարգչի, հեռախոսի ու առավել ևս, համացանցի:
Հիմա երևի կասեք՝ էս երեխան ի՞նչ է արել, որ ծնողները նման պատիժ են տվել: Ասեմ, որ ամենևին էլ պատժված չեմ եղել, այլ ամառային հանգստիս մի մասը՝ 20 օր, անցկացրել եմ Հանքավանի «Արագած» ճամբարում ու ասեմ, որ օրը առանց թվարկածս սարքավորումների ավելի հետաքրքիր է անցնում: Ճամբարում կտրվում ես քաղաքի եռուզեռից, նոր ծանոթներ ու ընկերներ ես ձեռք բերում, որքան ամբողջ տարվա ընթացքում չէիր կարող ձեռք բերել:

Լուսանկարը՝ Հովհաննես Սարգսյանի
Այդ 20 օրվա ընթացքում ճամբարակաները դառնում են ընտանիքի անդամներ որոնց հետ անցկացնում ես ամբողջ օրը՝ արթնանում ու քնում ես նույն սենյակում, ճաշում ես միևնույն սեղանի շուրջ: Այս օրերի ընթացքում ոմանք սիրահարվում են, ոմանք ընկերանում, ոմանք էլ իրենց չարաճճիություններով բարկացնում ջոկատավարներին:

Լուսանկարը՝ Հովհաննես Սարգսյանի
Այս 20 օրը կարծես 20 մասից բաղկացած 24 ժամյա ֆիլմ լինե, որից ես շատ բաներ սովորեցի, որոնք կօգտագործեմ կյանքիս ընթացքում:
Ճամբարում կատարվում էին մի շարք միջոցառումներ, որոնց ժամանակ մեր ջոկատը համարյա միշտ առաջին տեղն էր զբաղեցնում: Հաղթեցինք թենիսի, շաշկու ու վոլեյբոլի թիմային առաջնությունը և, որ ամենակարևորն էր, հաղթեցինք նաև գիտակների մրցույթը, որին մասնակցում էր 8 ջոկատ:
Լավ, մի քիչ էլ իմ կատարած գործերից պատմեմ: Լինելով ճամբարում՝ չէի կարող այնտեղի երեխաներին չսովորեցնել ազգագրական պարեր: Դե, ինչպես արդեն ասել եմ, ես պարում եմ «Կարին» ավանդական երգի պարի խմբի շառավիղը հանդիսացող «Հրայրք» ավանդական պարի խմբում, որը գործում է Գյումրիում: Օգտվելով առիթից, ասեմ, որ «Հրայրք» ավանդական պարի խումբը սեպտեմբերի 21-ին կազմակերպում է ֆլեշմոբ, որի ժամանակ պարելու ենք ազգագրական պարեր, ու հիմա «Հրայրք»-ի յուրաքանչյուր անդամ տարբեր տեղերում սովորեցնում է այդ պարերը: Դե, ես էլ որոշեցի ճամբարում սովորեցնել ու ձեզ էլ հրավիրում եմ Գյումրի, որպեսզի դուք էլ մասնակցեք ֆլեշմոբին:
Լավ, ոնց որ շեղվեցինք: Վերադառնանք ճամբարին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ճամբարի բոլոր աշխատակիցներին, բայց կուզեի առանձնացնել իմ սիրելի ջոկատավարներ ընկեր Քրիստինեին, ընկեր Լիաննային, ընկեր Գայանեին և հատկապես ընկեր Վիկտորին, ովքեր մի կերպ էին մեր ձեռքը դիմանում:
Ջոկատավարներս դարձան իմ ավագ ընկերները, ումից ես շատ բան սովորեցի: Բարևում ու ամուր գրկում եմ իմ բոլոր ճամբարական ընկերներին, ես ձեզ շատ եմ կարոտում: Այն 20 օրերը, որ անցկացրեցի ձեզ հետ, երբեք չեմ մոռանա ու հույս ունեմ, որ դուք էլ ինձ չեք մոռանա:
Նրանց, ում գրիչ եմ նվիրել որպես հուշ, հանկարծ չկորցնեք, հույս ունեմ մի օր անպայման կհանդիպենք: