arxiv

Կրտսեր եղբայրս

Մենք երկու երեխա էինք` ես և քույրիկս: Մեզ համար ուրախ և անհոգ ապրում էինք. ուտում, խաղում, քնում: Հավանաբար դա իմ կյանքի ամենաերջանիկ օրերն էին: Այն լուրը, որ ընտանիքում նոր անդամ պիտի հայտնվի, ինձ ուրախացրեց. նոր խաղընկեր կամ, ավելի ճիշտ, նոր խաղալիք: Ես արդեն գիտեի, որ իմ ապերիկի անունը Ստեփան է լինելու:

Եղբորս ծնվելու օրերին մենք տատիկիս տանն էինք ապրում: Չեմ հիշում` իրո՞ք այդպես էր, թե՞ ես եմ հնարել, բայց ամեն օր գնում էինք հիվանդանոց և պարանով ուտելիքը բարձրացնում վերև` մայրիկիս մոտ:

Վերջապես եկավ այնքան սպասված օրը: Մայրիկս ու եղբայրս տուն էին վերադառնալու: Ճիշտն ասած, ես մի քիչ հիասթափված էի: Եղբայրս սև էր, ճղճղան ու լացկան: Ճիշտ է, տուն բերելուց հետո սպիտակեց, բայց մյուս երկու հատկությունները դեռ մեջը կան:

-Մամ, ինչո՞ւ է լացում,- միամտորեն հարցրեցի ես:

-Ափսոսում է այս աշխարհը գալու համար,- պատասխանեց մայրիկս:

-Դե արի հետ տանենք, որ չի ուզում,- առաջարկեցի ես, բայց ոչ ոք չլսեց, քանի որ բոլորը զբաղված էին նորածնով:

Ես շրթունքներս ուռեցրած նստեցի մի անկյունում` սպասելով, որ որևէ մեկը կգա ինձ մխիթարելու: Սակայն ինձ վրա ուշադրություն դարձրեց միայն քույրս, բայց նա հաշվի մեջ չէր, քանի որ ընդամենը երկու տարեկան էր:

-Աղղղղ, ղղ…,- բազմոցի վրա պառկած` փոքրիկ ոտքերն ու ձեռքերը շարժելով ղունղունում էր եղբայրս:

-Զիբիլ,- բարկացած վրա բերեցի ես:

Քույրս երևի կիսում էր իմ զայրույթը, քանի որ մի անգամ ինձ օգնեց «մահափորձ» կատարել եղբորս դեմ: Մենք նրան դրել էինք գետնին և բարձերը լցրել վրան: Եվ եթե մայրիկս ժամանակին չհասներ, ապա այժմ աշխարհում մի տղա պակաս կլիներ:

Չգիտեմ, թե ինչքան շարունակվեց իմ և եղբորս «հակամարտությունը», բայց օրերից մի օր հասկացա, որ շատ եմ սիրում այդ կամակոր, չարաճճի փոքրիկ արարածին: Ու արդեն մայրիկիս խնդրում էի.

-Մամ, տուր մի քիչ էլ ես գրկեմ ապերիկին:

Մայրիկս տալիս էր բարուրը ու տակից բռնում:

-Մամ, թո՛ղ, չեմ գցի,- դժգոհում էի ես:

Ես միանգամից չհասկացա, բայց հիմա արդեն գիտեմ, որ եղբորս ծնվելու հետ մեր տուն է մտել ոչ միայն ուրախությունը, այլ նաև այն անխուսափելին, որը կոչվում է հասունացում:

Լուսինե Հակոբյան 14տ., 2004թ.