Mariam barseghyan

Կփոխվի միայն ժամանակը

-Տե՛ս, ինչ սիրուն աղջիկ ա, գնա հետը խաղա, ի՞նչ ես տանը նստել…

Միշտ իմ ընկերների ցանկում տղաների թիվը գերազանցել է աղջիկների թվին: Չգիտեմ՝ ինչն է պատճառը: Չորս տարեկանում միակ պատճառը, որ ես սկսեցի ընկերություն անել տղաների հետ այն էր, որ մեր բակում ես միակ աղջիկն էի:

Մենք երեք հոգի ենք… Հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ մայրիկս մի կերպ ինձ համոզեց դուրս գալ բակ՝ խաղալու: Մինչ այդ միշտ ծնողներիս հետ էի դուրս գալիս:

-Մամ, դուրս գամ՝ ո՞ւմ հետ խաղամ:

-Գնա, մեկի հետ կծանոթանաս, էլի:

Այդպես պարանը ձեռքիս դուրս եկա, բակում ոչ ոք չկար, ու շատ շոգ էր: Պարանս կապեցի մեր հարևանի պատուհանի ճաղերից ու սկսեցի պտտել: Մեկ էլ լսեցի, թե ինչպես էր մեր դիմացի շենքում մի կին համոզում իր թոռանը, որ տանից դուրս գա՝ խաղալու: Երկար ժամանակ չեմուչում էր անում, բայց վերջում ինձ նման ստիպված դուրս եկավ տանից: Մոտեցավ ինձ ու ասաց.

-Բարև, իմ անունը Զավեն է, կարո՞ղ եմ քեզ հետ խաղալ:

Փոքրամարմին ու մի քիչ սևուկ տղա էր: Մի քանի օր շարունակ իրար հետ էինք խաղում: Մի օր մի ուրիշ տղայի հետ ծանոթացրեց, նրա անունն էլ Հակոբ էր: Նա էլ էր Զավենի նման սևուկ, բայց ավելի բարձրահասակ էր: Նրանք լավ ընկերներ էին: Ինչ-որ խաղ խաղալիս միշտ գաղտնի պայմանավորվում էին, որ այնպես անեն՝ ես պարտվեմ: Ես էլ նեղանում էի ու գնում տուն: Հետո ինձ էլ ընդունեցին իրենց խումբ ու էլ չէին նեղացնում:

-Զավե՜ն, Զավե՜ն, Զավե՜ն…

Ես ու Հակոբը ճշտապահ էինք, միշտ ժամանակին գալիս էինք ու ժամերով Զավենենց շենքի առջև Զավենին էինք կանչում: Հաճախ այնքան ուշ էր դուրս գալիս, որ ինձ կամ Հակոբին արդեն տուն էին կանչում:

Ձմեռ էր, երեքով շատ մեծ ձնեմարդ էինք պատրաստել: Երկար, կարմիր գույնի շարֆ ունեի, կապել էի վզին, Հակոբն էլ տանից գազար էր բերել ու որպես քիթ՝ դրել ձնեմարդու վրա: Հաջորդ օրը դպրոցում բոլորին պատմեցի մեր ձնեմարդու մասին: Դասընկերներով եկանք մեր բակ, որ ցույց տամ, այն էլ ինչ-որ մեկը կոտրել էր: Գնացի տուն ու ամբողջ օրը լաց էի լինում, ինչու՝ ես էլ չգիտեմ: Բայց տղաներն ասացին, որ բան չկա, ու մի հատ էլ սարքեցինք: Ճիշտ է՝ այն մեկին չէր հասնի, բայց էլի լավն էր:

Ամռանը մեր հավաքած գումարով տարբեր ուտելիքներ էինք գնում, բակում խոտերի վրա ծածկոցներ էինք փռում ու «քեֆ» էինք անում: Տեսնելով, որ խնջույքների նկատմամբ սեր ունենք՝ մեր ծնողներն սկսեցին ամառները մեզ անտառ տանել: Հետո բակում միջոցառումներ էինք կազմակերպում. տղաները միշտ արտասանում էին, իսկ մնացած ժամանցային մասն ինձ վրա էր՝ երգում էի, պարում:

Հետո մեծացանք, բակում նոր երեխաներ հայտնվեցին, ես ընկերուհիներ ունեցա, նրանք էլ՝ նոր ընկերներ, բայց մենք մեր ընկերության մասին երբեք չէինք մոռանում: Տարիներ անց Հակոբը գնաց Երևան: Հակոբի գնալը դժվար էր և՛ իր, և՛ մեզ համար: Բայց գնալուց առաջ իր դասընկերոջ՝ Գոռի հետ ծանոթացրեց: Գոռին շատ սիրեցինք, երեկոյան հաճախ էինք միասին քայլում: Բայց Գոռն էլ գնաց Ռուսաստան: Հակոբի ու Գոռի պակասը շատ էր զգացվում: Հակոբը երբեմն գալիս էր Վանաձոր, ինչպես միշտ՝ երկուսով Զավենին էինք սպասում իրենց շենքի առջև: Մեկ-մեկ ես էի գնում Երևան: Մի անգամ, երբ Երևանում էի, Հակոբի հետ գնացինք իր սիրած աղջկա համար նվեր գնելու: Ո՛չ ինքը քաղաքը լավ գիտեր, ո՛չ էլ ես: Ամբողջ քաղաքը տակն ու վրա արեցինք, բայց, բարեբախտաբար, չմոլորվեցինք:

Հիմա շատ ժամանակ է անցել: Գոռը Ռուսաստանից վերադարձել է: Հակոբը անվճար ընդունվեց համալսարան: Մի քանի օր առաջ էլ նշեցինք Զավենի տասնութամյակը: Հուլիսի 2-ին Գոռն ու Զավենը կգնան բանակ:

Դժվար է նույնիսկ բացատրելը՝ ինչ եմ զգում: Քույրերը, որոնք իրենց եղբորը բանակ են ճանապարհում, երևի կհասկանան: Ես հարազատ եղբայր չունեմ, բայց նրանց եղբոր պես եմ սիրում: Եթե չլիներ այն ճակատագրական օրը, երբ ես ու Զավենը ծանոթացանք, երևի թե եղբայր այդպես էլ չունենայի: Չափազանց հպարտ եմ նրանցով: Մենք հիմա չորսն ենք, չորս լավագույն ընկեր: Վստահ եմ, ամեն ինչ կմնա նույնը, միակ բանը, որ կփոխվի, ժամանակն է: