17-ի թղթակիցներ Անի Ավետիսյանը և Արաքս Ահարոնյանը «Մարզերի գիտակ» մրցույթի հաղթողներ

Լուսանկարը՝USAID Armenia-ի
-Ալո, Անի՞: Մենք արդեն ձեր դպրոցի մոտ ենք: Սպասում ենք, արի:
Գիտե՞ք լույսի արագությունն ինչքան է: Այ, այդ արագությամբ էլ ես անցա տնից դպրոց մոտ մեկ կիլոմետր ճանապարհն ու մի քանի վայրկյանից դպրոցի մոտ էի, որտեղ ինձ սպասում էին ԱՄՆ Միջազգային Զարգացման Հայաստանի Գրասենյակի (ԱՄՆ ՄԶԳ) ներկայացուցիչները:
Հիմա սկսեմ սկզբից:
Օգոստոսի կեսերին համացանցում կարդացի «Մարզերի գիտակ» մրցույթի մասին, ինչպես միշտ, չկարողացա ինձ զսպել ու որոշեցի մասնակցել:
Յուրաքանչյուր օր նրանց կողմից հայտարարվելու էր մեկ մարզ, որի մասին մենք պետք է գրեինք, ավելի ճիշտ՝ այն մասին, թե ինչը տվյալ մարզում կգրավի զբոսաշրջիկներին: Եվ այսպես՝ տասը օր ու տասը մարզ: Գործի դնելով աշխարհագրությունից և, առհասարակ, Հայաստանի մասին ունեցածս բոլոր տեղեկությունները, փորձեցի որքան հնարավոր է անկեղծ, անմիջական ու չկրկնվող տեղեկություններ տալ: Փաստորեն ստացվեց: Ուրախ էի, որ մրցանակս ստանալուց իրենք էլ դա նշեցին:
Երբ այլևս չէին մնացել մարզեր, որոնց մասին չէինք գրել, սկսվեց իմ ամենաչսիրած սպասման շրջանը: Բայց հանուն արդարության նշեմ, որ այս անգամ այն երկար չտևեց:
Եվ… Հաղթող է ճանաչվում: Չէ, է , հաղթող են ճանաչվում Արաքսն ու Անին: Հա, հա, երկուսս էլ 17-ի թղթակից ենք:
Մի քանի օր անց կազմակերպիչներն արդեն կապվել էին մեզ հետ և որոշել՝ Արաքսին հանդիպում են ԵՊՀ-ում, իսկ ինձ հետ՝ մեր դպրոցում: Դե հա, նորից այն զգացողությունը, երբ քեզ համար գալիս են քո գյուղ, քո դպրոց: Այդ զգացողությունն արդեն ունեցել էի Dasaran կրթական ծրագրի ու Pepsi Armenia-ի շնորհիվ: Բառերով բացատրելը մի քիչ բարդ է:
Արդեն նյութերիցս մեկում նշել եմ, որ նման մրցույթներում ինձ համար կարևորը ոչ թե հաղթանակն է կամ մրցանակը, այլ գնահատված լինելու զգացողությունը: Այս անգամ այդ զգացողությունը կրկնապատիկ անգամ ուժեղ էր:
Անի Ավետիսյան 17 տարեկան
Արագածոտնի մարզ, գ.Ոսկեհատ
***
Մրցույթներին մասնակցելը դարձել է սիրելի զբաղմունքներիցս մեկը։ Փորձում եմ հնարավորինս ստեղծագործ լինել և իմ առջև դրված խնդրի համար գտնել ամենահարմար լուծումը, իսկ թե որքանով է դա ստացվում՝ կարելի է հասկանալ միայն մրցույթի ավարտից հետո։
«Մարզերի գիտակ» մրցույթին մասնակցելը, նախ և առաջ, մեծ փորձ էր՝ առավել խորը կերպով ուսումնասիրելու Հայաստանը, մեր մարզերը, ուշադրության և, իհարկե, այցի արժանի մեր բազմաթիվ տեսարժան վայրերը, պատմամշակութային կոթողները, դարերի պատմություն ներկայացնող կառույցները և այլն։ Անշուշտ, այն, ինչ անում է USAID-ին, մեծապես նպաստում է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը և խթան հանդիսանում մեր մշակութային արժեքները աշխարհին ծանոթացնելու գործում։ Սակայն սա նաև օգնում է տեղացիներին՝ հասկանալու, թե որքան մնայուն արժեքներ ունենք, և ցանկություն առաջացնում՝ դրանք տեսնելու։
Հայաստանը այն երկիրն է, որն ունի պատմություն, իսկ պատմություն ունենալ նշանակում է` ունենալ արժեքներ, իսկ արժեքները պետք է պահպանել, գնահատել և փոխանցել պատմության հաջորդ էջերին։
Հայաստանին անդրադարձ կատարելը հեշտ չէ, սակայն հաճելի գործ է։ Հաճելի է խոսել «սեփականի» մասին, հաճելի է խոսել այն ամենի մասին, ինչը արմատներով կապված է քեզ հետ։ Եվ ես փորձում էի հնարավորինս ճշգրիտ և համակողմանի անդրադարձ կատարել ամեն մարզի։ Եթե անկեղծ, հաղթանակը և մրցանակը չէր, որ ինձ «ստիպում» էր անել դա, զուտ՝ ներքին պահանջը։
ԱՄՆ Միջազգային Զարգացման Գրասենյակը (ԱՄՆ ՄԶԳ) մոտ երկու տասնամյակից ավելի է, ինչ Հայաստանում ղեկավարում է ԱՄՆ կառավարության օժանդակությամբ նախաձեռնված և իրականացված ծրագրերի մոտ երկու երրորդը:
Եվ վերջում, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին նման մրցույթի կազմակերպման համար, իսկ առանձնակի շնորհակալություն նրանց բարեհամբույր աշխատակցին՝ Արմինե Կարաբեկյանին:
Արաքս Ահարոնյան 18 տարեկան
Կոտայքի մարզ, գ. Կոտայք