
Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի
Հայկական երաժշտություն, հայ ժողովրդի դարավոր երաժշտական մշակույթի մի մասն է: Այն սկիզբ է առնում մ.թ.ա. II հազարամյակում։ Պատմական տվյալները մեզ են հասել հնադարյան հայ պատմաբաններ Մովսես Խորենացու և Փավստոս Բյուզանդի աշխատությունների շնորհիվ։
Ես ճանաչում եմ նման ընտանիքի, որտեղ քույր ու եղբայր նվագում են դհոլ ու քանոն: Ասեմ ավելին, քույրիկը ՝քանոնահար Գրետան, համատեղում է քանոնը դաշնամուրի հետ, իսկ եղբայրը` Կարենը, շատ լավ նվագում է դհոլ:
Ես զրուցել եմ Գրետայի և Կարենի և նրանց մոր`Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակչուհի Վեհանուշ Աֆրիկյանի հետ:
-Տիկին Վեհանուշ, ձե՞ր որոշումն էր, որ երեխաները հաճախեն երաժշտական դպրոց:
-Նրանց մեջ տեսնելով երաժշտական լավ տվյալներ, ինչու չէ, նաև իմ և երեխաների սերը դեպի երաժշտությունը, նաև մանկուց չիրականացած երազանքս, որոշեցի որ անպայման պիտի հաճախեն:
Համացանցում փնտրեցի և գտա քնարի մասին: Պարզվում է, որ այն գրեթե նույն քանոնն է, որոշեցի, որ Գրետան պիտի նվագի քանոն, ձայն էլ ինձ շատ դուր է գալիս:
Պարզվում է, քանոնը շատ հին գործիք է, և նախատիպը հայտնվել է Եգիպտոսում: Աստվածաշունչ կարդալիս ինձ միշտ հետաքրքրում էր, թե ինչու է, օրինակ, Դավիթ թագավորը հենց քնար նվագում:
-Դուք ասացիք, որ դուք եք երեխաների փոխարեն որոշել: Իսկ իրենք սիրո՞վ են հաճախում:
-Դե, սկզբից այդքան էլ չէ, սակայն հիմա մեծ սիրով են հաճախում:
-Հաճա՞խ են նվագում տանը, իսկ ինչպե՞ս եք վերաբերվում դրան:
-Երբ նոր էին սկսել ես անընդհատ հիշեցնում էի, որ պարապեն, սակայն հիմա ձեռքից վայր չեն դնում գործիքները: Ամբողջ օրը նվագում են: Գրետան քանոնից անցնում է դաշնամուրի, դաշնամուրից` քանոնի, իսկ Կարենը համարյա ամբողջ օրը նվագում է դհոլ: Ես դրան ամենևին վատ չեմ վերաբերվում:
Կցանկանայի, որ բոլոր երեխաները սիրեն երաժշտություն, նվագել սովորեն: Երաժշտությունից վնաս չկա, ու բացի այդ, այն մի ուրիշ ներաշխարհ է: Եթե զբաղմունք չունես և անգործ նստես տանը, դե բնական է, որ պիտի կամ համակարգչով խաղաս, կամ էլ դուրս գաս բակ` կռիվ անելու:

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի
-Գրետա, մի քիչ կպատե՞ս քո գործիքի մասին:
-Քանոնը հայկական գործիք է: Այն նվագում են բութ մատի և ցուցամատի օգնությամբ: Քանոնը մեր երկրում ամենատարածված և սիրելի նվագարաններից է: Սկզբում քանոնը եղել է տղամարդու գործիք, իսկ հետո քանոնահարուհի Անժելա Աթաբյեկանի շնորհիվ, քանոնը դարձրել է կանանց համար սիրելի գործիք:
-Երբ մայրիկդ ասաց, որ պիտի հաճախես քանոնի, ինչպե՞ս ընդունեցիր այդ առաջարկը:
-Ճիշտն ասած, համ ուզում էի, համ` չէ : Սկզբից ասացի` չեմ ուզում, հետո մի լավ մտածելուց հետո հասկացա, որ դրանից եթե օգուտ չլինի, ապա վնաս չի լինի:
-Իսկ ավելի շատ սիրում ես դաշնամո՞ւր նվագել, թե՞ քանոն:
-Չեմ կարող ասել: Մեկը մյուսին չեն զիջում:
-Իսկ համատեղո՞ւմ ես դասերիդ հետ:
-Մի կերպ: Ազատ ժամանակ չեմ ունենում, բայց ոչինչ: Կարևորը հասել եմ արդյունքի. թե դպրոցում, թե երաժշտականում գերազանցիկ եմ:
-Իսկ ինչո՞ւ հենց քանոն և դաշնամուր:
-Քանի որ Մրգաշատի երաժշտական դպրոցում՝ աղջիկներ համար միայն դաշնամուր և քանոն են դասավանդում:
-Հետագայում ի՞նչ նպատակներ ունես:
-Շարունակելու եմ այդ գծով: Իմ երազանքն է դառնալ կիրթ և գրագետ երաժիշտ:

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի
-Իսկ դո՞ւ, Կարեն, քանի տարի է, ինչ հաճախում ես երաժշտական դպրոց:
-Նոր եմ սկսել, արդեն մեկ տարի կլինի: Ճիշտն ասած, սկզբից, որ գնացի, չէի ուզում, բայց երբ առաջին անգամ մտա դասարան ու տեսա ուսուցչին, շատ ուզեցի գնալ:
-Երազանքներ, նպատակներ ունե՞ս կապված դհոլի հետ:
-Շատ եմ սիրում դհոլի ձայնը և ուզում եմ շարունակել սովորելը:
-Իսկ դասերիդ չի՞ խանգարում:
-Եթե մարդու մտքին տեղ լինի, ամեն ինչ էլ կհասցնի: