
Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի
… Մեր մեքենան դանդաղ մոտենում էր եզդիների վրաններին: Զգում էի, որ ամեն մի անիվի պտույտի հետ սպասումն ու անհամբերությունը ավելանում էին մեջս: Ա՜խ, Արագածը՝ գույների, մշակույթների, կենցաղների, անգամ քաղաքակրթությունների այդ յուրօրինակ խառնուրդը որքա՜ն էր հրապուրել մեզ…
Մենք կանգ առանք վրանների մոտ և եռանդով ու ոգևորությամբ դուրս թռանք մեքենայից. առաջին անգամ էի լինում եզդիների յայլայում: Շրջակայքն ամբողջությամբ թաղված էր լռության մեջ, ու թվում էր՝ կյանքն այստեղ ավելի դանդաղ ռիթմով էր ընթանում: Դեռևս հեռվից նշմարվում էին բրդերի փոքր դեզերը, լվացքի բազմագույն պարանները, իսկ վրանից ելնող վառարանի ծուխն ու շների հաչոցն ամբողջացնում էին պատկերը: Քիչ հեռվում վազվզում էին եզդի երեխաները՝ կիսաքրջոտ, փնթի ու անխնամ հագնված. երևում էր, որ ընդհանուր տեսարանի մեջ նրանք այնքան էլ կարևոր դետալ չէին ներկայացնում իրենց գոյությամբ: Քիչ այն կողմ արածում էին ոչխարնեը, և կարծես կյանքն այստեղ ներկայացվում էր նրանց ու նրանց հարմարավետության համար ստեղծված գոյության ձև…
Մեր խմբի ղեկավարը մոտեցավ յայլայի առաջնորդին, որը, հեռվից նկատելով մեքենայի մոտենալը, կազմ ու պատրաստ սպասում էր մեզ:
-Բարև ձեզ: Մենք «Մանանա» կենտրոնից ենք, որը զբաղվում է երեխաներին ու պատանիներին մեդիա կրթություն տալով: Արդյոք դեմ չէի՞ք լինի, եթե մի քիչ նկարեինք: Մեզ այնքան շատ է հետաքրքրում ձեր մշակույթն ու կենցաղը….
Առաջնորդը համաձայնություն տվեց, որ նկարենք շրջակայքը, երեխաներին, ոչխարները, բայց ոչ իրենց և վրանի ներսը:
Մենք ոգևորված վազվզում էինք այս ու այն կողմ, ֆոտոներ անում. ամեն ինչ նոր էր մեզ համար, էկզոտիկ: Նույնիսկ շներն այստեղ մի տեսակ ուրիշ էին մեզ համար, խորհրդավոր և անսովոր մեծ: Փոքրիկ Արծիվը վազվզում էր այս ու այն կողմ և պատմում իրենց ոչխարների մասին, ոգևորված ցույց տալիս շրջակայքը. երևի մենք էլ էկզոտիկ էինք նրա համար:
Արդեն չէի կարողանում զսպել էնտուզիազմս ու հետաքրքրությունս: Ինձ հետաքրքրող ամեն ինչ արդեն նկարել էի շրջակայքում: Ներքին մի մղումով, իբր շատ պատահական, բայց արագ ու կազմակերպված՝ վազեցի վրանի ներսը: Գիտեի, որ պիտի հանդիմանանքի արժանանամ, բայց լրագրողի հետաքրքրասիրությունը հաղթեց մարդու քաղաքավարությանը. Ախր, շատ էի ուզում ներսում մի քանի ֆոտո անել:
-Հարսին չնկարեք,-հաստատ ու վախեցած ճչաց սկեսուրը,- ինչ գիտեմ, ինչ ժուռնալներում եք տպելու…
Իսկ սկեսուրի սկեսուրը, որի գրկին նստած էր մոտ մի տարեկան երեխա, խիստ ու նահապետական հայացքով հաստատեց հարսի ասածը:
Ես զարմացած սկսեցի շուրջս նայել. ի՞նչ հարս: Վրանում միայն մի աղջիկ կար՝ մոտ տասնհինգ տարեկան: Մի անկյուն քաշված՝ լվանում էր հատակին դրված տաշտի միջի ամանները: Վրանի մթությունն էլ ավելի էր շեշտում կերպարի խեղճությունը: Աղոտ լույսի մեջ երևում էին միայն վտիտ մարմինն ու անորոշ հայացքը. կենցաղն անխնա էր գտնվել աղջկա նկատմամբ:
Ուզեցի խոսել հետը, բայց հայացքը հառեց սկեսուրի դեմքին, հետո անխոս կախեց գլուխն ու շարունակեց լվանալ ափսեները: Ես դուրս եկա վրանից: Սկեսուրների խիստ հայացքը ջերմացավ իմ մի ժպիտից ու ջերմ վերաբերմունքից: Հարցրի, թե քանի՞ տարեկան է հարսը: Սկզբից շփոթվեց հետո ասաց՝ տասնյոթ: Մի տեսակ չհավատացի, որովհետև տասնյոթ տարեկանի նման չէր, և առանձնապես մարմինն էլ լավ ձևավորված չէր, իսկ երբ իմացա, որ փոքրիկ երեխան նրանն է… Չէ, դուք կարող եք պատկերացնել իմ ապշանքը, որ համարյա նրա տարեկիցն եմ, և ում ուղեղը լցված է միայն «չարաճճիությունների» և արկածների մասին մտքերով…
… Մենք հեռացանք՝ գոհ մեր աշխատանքից և կյանքի մասին տարբեր ըմբռնումներով՝ այդպես էլ չտարբերելով էկզոտիկայի և կենցաղի սահմանները: Նրանք էլ…