mariam barseghyan1

Հենց սրտում

Եթե դու գոնե մեկ անգամ եղել ես Վանաձորում, երևի գիտես  Արցախ պուրակի մասին: Իսկ եթե չգիտես, ուրեմն ուշադիր կարդա, կփորձեմ այնպես անել, որ գոնե մի ակնթարթ հայտնվես այնտեղ: Այսպիսով` կանգնում ես հին ճոճանակների մոտ, որովհետև այդտեղից գրեթե ամբողջ պուրակը երևում է: Ձախ կողմում Սրնգով տղան է` քաղաքում դժվար կարողանաս գտնես այնպիսի մարդ, որ այդ արձանի մոտ նկար չունենա, մի քիչ վերև «Պոնչիկ-Տոնչիկ»-ն է` ուսանողների ընդմիջումների մշտական վայրը: Շուրջ բոլորդ լիքը ծառեր կան ու հին ճոճանակների մոտ իմ սիրելի ծառն է: Մի անգամ դասի գնալիս, ինչպես միշտ, իմ ծառին նայելով անցնում էի, ու մեկ էլ նկատեցի, որ նրա ճյուղերին տերևների փոխարեն լիքը ճնճղուկներ են, վրան ազատ տեղ չկար: Հանեցի հեռախոսս, որ նկարեմ, բայց նկարում ճնճղուկները հստակ չէին երևում, թե չէ՝ ցույց կտայի:

Պուրակը առավել գեղեցիկ է աշնանը, ամբողջը դեղին տերևներով է պատվում: Հետո շրջվում ես ու գնում նստում ճռճռացող ճոճանակի վրա, ու պուրակի սև կատուն գալիս է մոտիկ, որ ձեռքիդ ուտելիքը տաս իրեն: Տալիս ես, բայց մեկ է, չի ուտում: Ու այդպես հին ճոճանակից նայում ես արվեստի ուսումնարանի ոչ պակաս հին շենքին ու հասկանում, որ գտնվում ես քաղաքի հենց սրտում:

Վանաձորի մասին մտածելիս միանգամից հիշում եմ երկու վայր` Արցախ պուրակը և Հուշարձանը: Մեր նախորդ սերունդը դեռ հիշում է, թե  ինչպես էին պուրակում Հայաստանի անկախության կոչ անում, թե ինչպես էին զինվորներին ռազմաճակատ ճանապարհում: Քաղաքի այս երկու հատվածների հետ կապված շատ հուշեր կան: Վանաձորը ուղղակի քաղաք չէ, Վանաձորը շնչող օրգանիզմ է և ունի սիրտ, որը, ըստ իս, ամուր պահված է հենց Արցախ պուրակում և Հուշարձանում: Ցավոք, այսօր ես տեսնում եմ, թե ինչպես են մետաղյա պատերով փակում իմ հին ճոճանակը, ինձ զրկում իմ սիրելի ծառին նայելու բերկրանքից: Քաղաքիս սիրտը վաճառում են և թողնում որ, ով ինչ ցանկանա՝ քանդի, ինչ ցանկանա՝ կառուցի:

Մանկական զբաղվածության կենտրոն կառուցելու գաղափարը ողջունելի է, բայց չէ՞ որ քաղաքում այլ տարածքներ կան, էլ չեմ ասում բազում անտեր շենքերի մասին, որոնք կարող էին վերանորոգվել: Քաղաքի ամեն մի պատի մեջ սեր կա, բայց սերը վերացնում եք, մեր մեջ թողնելով միայն բողոք ու ատելություն:

Կան որոշ բաներ, որոնք հաճախ Վանաձորի հետ ենք նույնացնում` անձրև, աշուն, ռոք, կարոտ, սեր, խոնավություն, ցուրտ, երթուղայիններ, Լոռվա բարբառը` հատկապես «ազիզ» բառը, ոմանք նույնիսկ Սամվել անունը: Մի քանի տարի հետո վախենամ քաղաքիս կոլորիտից էլ բան չի մնա: Եվ Վանաձորը բացի դատարկությունից էլ ոչնչի հետ չենք կապի: