
Լուսանկարը` Վահե Ստեփանյանի
-Բա վայոցձորցուն հարի՞ր ա գազի փեչը: Բա մի հատ չգնա՞ս՝ փեչը գրկես, նստես ու մի բան էլ՝ վրեն կարտոշկա ժարիտ անես:
Ամեն տարի մեր գյուղի տներից առնվազն մեկի ծուխը մարում է: Հեռանո՞ւմ են, թե՞ գազի վառարան են դնում, ո՞վ իմանա: Բայց կային ժամանակներ, երբ Մալիշկայի բոլոր տներից ծուխ էր դուրս գալիս: Այնքան գեղեցիկ էր: Այդ ժամանակ տնից դուրս եկած ծխով էին հաշվում, թե քանի ընտանիք է մնացել գյուղում, ու քանիսը գնացել: Գուցե անվերադարձ:
Ամեն ծխի մարելու հետ հեռանում են նաև մեր բարեկամներն ու ընկերները: Անտեր են մնում տները, որոնք այնքան մեծ սիրով էին կառուցվել, որոնք դեռ պատրաստ էին իրենց մեջ մեծացնել մի քանի սերունդ ևս: Բայց լքվեցին ժամանակից շուտ: Գյուղս բավականին մեծ է այսքան քիչ ժողովրդի համար:
Տնից դուրս եմ գալիս այն հույսով, որ դրսում շատ մարդ կլինի, կտեսնեմ Էմմա տատիկին, Սվետ տատիկին կամ գոնե ընկերներիցս մի քանիսին: Բայց Էմմա տատիկն էլ էստեղ չի, Ռուսաստանում է, Սվետ տատիկը քաղաք է գնացել, ընկերներս էլ վերմակներով փաթաթված համակարգչի կամ բջջայինի առաջ են: Գյուղս դատարկվել է: Այնքան քիչ մարդիկ են մնացել, և ում էլ հարցնես իր ապագայի մասին, կասի, որ այստեղ չի տեսնում իր ապագան, որ ինքն էլ է գնալու:

Լուսանկարը` Սոնա Թումանյանի
Սիրտս լցվում է, երբ իմանում եմ, որ շատ հնարավոր է՝ որոշ ժամանակ անց դատարկվի նաև մեր փողոցն ամբողջովին: Դե, մեր փողոցում միայն մենք ենք հիմա ապրում, հարևան համարյա չունենք:

Լուսանկարը` Նարեկ Բաբայանի
Գյուղս էլ ձմռանը ծխով պատված չի լինի, ու իր ծխնելույզից էլ ծուխ չի բարձրանա, կամ քիչ կբարձրանա: Գնում են ու թողնում են մեզ մենակ՝ իրենց անտեր դարձած տների հետ: