
Լուսանկարը՝ Դավիթ Ալեքսանյանի
Ծառ, որը գտնվում է Թրաքամի (թրի պես կտրող քամի) տանող ճանապարհին: Թրաքամին սար է, որտեղ գյուղի ժողովուրդը գարնանը քշում են անասունները այնտեղ պահելու: Սկսեմ պատմությունս:
Երեք գյուղացի անասունը քշում են սարերը: Գյուղից մինչև սարը ոտքով 6 ժամվա ճանապարհ է: Գյուղացիները, անցնելով ճանապարհի կեսը, նստում են մի մեծ ծառի տակ` հանգստանալու: Նրանցից մեկի անունը Մակար է լինում, էն երկուսի անունները չգիտեմ: Պառկած ժամանակ ընկերներից մեկը հարց է տալիս մյուսներին.
-Տղերք, ի՞նչ կուզեիք ունենալ:
Այդ պահին մյուս ընկերը պատասխանում է.
-Կուզեի ունենալ բնակարան քաղաքում, որ էս անասուններից, էս ամեն ինչից պրծնեմ, իմ հըմար ընդի աշխատեմ, ապրեմ:
Պատասխանը լսելուց հետո Մակարը, որ երկուսից տարիքով մեծ էր, ասում է.
-Ես կուզեի` էս ծառի շվաքով մին նստած ոչխար ունենամ…
Ընկերները հարցնում են.
-Խի, չե՞ս ուզում քաղաք քու հըմար հանգիստ ապրիս:
Մակարը պատասխանում է.
-Չէ, ես քաղաք չեմ գնա, ինձ հըմար իմ հայրենի գեղից ու սարից լավ տեղ չկա:
Այդ ծառի շվաքի շառավիղը կլինի 45 մետր, և գրեթե 200 ոչխար նստած կտեղավորվեր: Այս զրույցից հետո մարդիկ ծառը անվանում են Մակարի ծառ: Եվ մարդիկ ասում են, որ Մակարը հետագայում ունեցել է այդքան ոչխար: