
Լուսանկարը՝ Լաուրա Խաչատրյանի
Դառը պաղպաղակ
Շատ վաղ մանկությունից մի դրվագ է տպավորվել, որն այնքան վառ է, որ երբեմն թվում է, թե դա ինձ հետ չի պատահել:
Հիշում եմ՝ ամեն ամառային արձակուրդների գնում էինք գյուղ՝ Գորհայք՝ հանգստանալու: Ամեն անգամ թաղի երեխաներով պայմանավորվում էինք, որ ամեն մեկս մեր տատիկներից գաղտնի մտնենք հավաբուն և վերցնենք հավկիթները: Վերցնում էինք ու տանում խանութ, փոխանակում պաղպաղակի հետ:
Մի օր էլ վերցնելով հավկիթները հանգիստ քայլում էի խանութի կողմը: Չպատկերացնելով, որ կհանդիպեմ տատիկիս, անակնկալի եկա. նա կանգնած էր իմ դիմաց: Վախից հավկիթները ձեռքիցս վայր ընկան: Տատս ինձ պատժեց. եղբորս և քույրիկիս համար պաղպաղակ գնեց, իսկ ինձ համար`ոչ:
Այդ օրը երբեք չեմ մոռանա, քանի որ հասկացա. եթե մի բան ես ուզում, անկեղծորեն ասա, այլ ոչ թե գաղտնի ու թաքուն բաների դիմիր:
Աղավնի Բաբայան
***
Սխալների ուղղում
Ես մանկուց եղել եմ ընդունակ, բայց թեև գերազանցիկ էի՝ եղել եմ ծույլ։ Չլսելով ծնողներիս հորդորները, շարունակել եմ մանկական չարաճճիությունները, հույսս դնելով ընդունակություններիս վրա, իմիջիայլոց եմ սովորել:
Ես այժմ սովորում եմ 11-րդ դասարանում, բայց դեռ չեմ ընտրել իմ ապագա մասնագիտությունը։ Կան առարկաներ, որոնցից համարյա բան չեմ հիշում, իսկ նախասիրած մասնագիտությունների համար դրանք պետք են: Եթե հնարավորություն ունենայի ետ բերել իմ մանկությունը, կլսեի իմ ծնողներին, և այժմ չէի կանգնի փաստի առաջ։
Ասում են` դեռ այնքան էլ ուշ չէ, պետք է շատ-շատ աշխատել, լրացնել բացթողումները: Եթե հնարավորություն ունենայի, ետ կբերեի անցած օրերը, որպեսզի սխալներս ուղղեմ:
Նոնա Բարսեղյան