
Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի
Բնականաբար պատմությունը բանակի վերաբերյալ է: Հունվարի 21, երկար սպասված օր: Գյուղս՝ Բաղանիսը, բանակ էր ուղարկելու 3 զինվոր: 3 քաջ երիտասարդ, ովքեր մինչև բանակ գնալը դեռ զինվոր էին, քանի որ ապրում են սահմանին: Մեզ համար երևի շատ սպասված էր, բայց թե ինչ զգացողություններ էին ապրում զինակոչիկները, այ, չեմ կարող ասել: Մի խոսքով, միշտ այդպիսի արարողությունների ժամանակ գյուղում, էսպես ասած, փոքր հաց ու ջուր են պատրաստում, քանի որ ուրախություն է: Սահմանից տղաներ են բանակ գնում: Բայց այս տարվա պատմությունը տարբերվող էր մնացածից: Հա, անցած տարի գյուղից չգնացին կրակոցների պատճառով: Զինկոմիսարիատից հետո ճանապարհը որոշված էր Վանաձոր քաղաքով, քանի որ հնարավոր էր, որ դիրքերից զինվորական մեքենան երևա: Այս տարի, փառք Աստծո, կրակոցներ չկար, բայց կար մի անսովոր բան, չգիտեմ էլ ինչ ասեմ. օյինբազությո՞ւն թե՞ ինչ: Հիմա կասեմ՝ ինչի մասին է խոսքը:

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի
Սովորականի նման մեր զինակոչիները առավոտյան ներկայացել էին զինկոմիսարիատ, ու բոլոր գործերը վերջացնելուց հետո ասել, որ մեքենային կսպասեն գյուղում՝ խաչմերուկում: Բայց սպասի, սպասի, որ մեքենա կգա: Լավ, անցավ մեկ ժամ, երկու ժամ, երեք ժամ, բայց չկա մեքենան: Դեռ ակորդեոն ու դհոլի ձայնը լսվում էր, մեկ էլ նվագը ընդհատվեց այս արտահայտությունը լսվելուց հետո. «Տղերքը չեն գնում, մեկ էլ հունվարի 26-ին, հենց նոր զանգեցին ասացին, որ չներկայանալու համար փախուստ է տրված»: Չգիտեինք՝ ծիծաղեի՞նք, թե՞ ինչ: Չգիտեինք՝ կատա՞կ էր, թե՞ ամեն ինչ լուրջ էր: Չէ~, ամեն ինչ լուջ էր: Անգամ ծնողները չգիտեին՝ ուրախանա՞ն, թե՞ տխրեն: Ուրախ էին, որ թեկուզ մի քանի օր, բայց իրենց զավակների հետ կլինեին, մի կողմից էլ՝ դժվար էր, քանի որ համակերպվել էին, և դժվար էր նույն ապրումները ապրել երկրորդ անգամ:
Չէ, գնալով ուրախությունը կորչում էր, և դրան փոխարինում էր լուրջ մտադրվածությունը՝ ճանապարհը փակել: Ճանապարհը փակվեց, գոյացավ մեծ ավտոշարասյուն, և դրանց մեջ աչքին ընկավ նաև զինվորներ տեղափոխող մեքենան: Գրեթե 45 րոպե ճանապարհը փակ էր, ոչ մի մեքենա չէր աշխատում, լսվում էին միայն մեքենաների ազդանշանները, որ ճանապարհ բացեն: Բայց ի՞նչ բացել. մեր զինվորները ուզում են գնալ ծառայելու բայց չեն տանում, ու մեղադրում անհիմն բաների մեջ, որում մեղավոր չեն: Անգամ ծիծաղդ է գալիս: Ինչպե՞ս կարելի է ասել՝ փախուստի մեջ են, եթե ծառայության մեկնողները փակում են ճանապարհը գյուղացիների հետ ու կանգնում զինկոմիսարիատի աշխատակիցների առաջ ու ասում. «Չէ, մենք պիտի գնանք»: Մի՞թե նման է փախուստի: Ճանապարհը փակ է: Նորակոչիկները իջել են մեքենայից: Ոմանք հետևում են այդ զարգացումներին, իսկ ոմանք հարմարեցնում՝ ինչքան հնարավոր է, երկար ժամանակ անց կացնելու իրենց ծնողների, քույրերի, եղբայրների ու ընկերների հետ: Իսկ մեր հայրենասերները երկու ոտքը դրել են մեկ կոշիկի մեջ ու ասում են, որ այսօր մենք պետք է գնանք ծառայության:

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի
Էլ տեղաշարժվելու ելք չկա: Մեքենաների շարասյունը անցնում է մեկ կիլոմետրը, բայց դեռ ամեն ինչ նույնն է: Տղաները ուզում են գնալ, բայց էլի նույն պատմությունն է: Ցուցակից անունները հանված են, ու վերջ, չեն գնալու: Որոշ ժամանակ անց մեկ էլ տեսանք մարզպետին, ով տեղեկացավ խնդրին և խնդրեց ամեն ինչ թողնել և բացել ճանապարհը: Խոստացավ, որ հունվարի 26-ին ինքը նույնպես կգա և բանակ կճանապարհի զորակոչիկներին: Մի քանի րոպե զրուցելուց հետո ճանապարհը կամաց սկսվեց բացվել: Իսկ զորակոչիկները, ովքեր երեքն էին, իրենցից երկուսը եղբայրներ էին ու զույգ, կատակելով ասացին. «Դե լավ, թող մի քիչ ուշ լինի, փոխարենը, մեր ավագ եղբոր հետ մի քիչ շատ կմնանք»: Նշեմ, որ զույգ եղբայրների ավագ եղբայրը երկու օր առաջ է ծառայությունը ավարտել և վերադարձել տուն: Դեռ մեծ եղբայրը չեկած, փոքր եղբայրներն են գնում, ինչը, կարելի է ասել, հպարտություն է: Դե, ի՞նչ ասեմ: Սպասենք հունվարի 26-ին, իսկ մեր տղաներին բարի ծառայություն և բարի վերադարձ: