
Լուսանկարը՝ Մուշեղ Բաղդասարյանի
Հարցազրույց իմ քեռու` Արմեն Քոչարյանի հետ
-Քեռի, քանի՞ տարի է պապիկը աշխատել Վանաձորի քիմիական գործարանում:
-Պապիկդ` Մանուչար Քոչարյանը, 50 տարի, աշխատել է գործարանում իբրև ապարատավար, Սաթ ջան:
-Օ~, 50 տարի:
Ես անկեղծ շատ զարմացա: 50 տարին մեծ ժամանակահատված է, բայց պապիկս իր կյանքի մեծ մասը անց է կացրել այդ գործարանում:
-Իսկ դու քանի՞ տարի ես աշխատում, ի՞նչ մասնագետ ես:
-Երևի 7 տարի կլինի, աշխատում եմ որպես էլեկտրածառայության վարպետ:
-Իսկ պապիկի աշխատելու ժամանակ ի՞նչ էին արտադրում:
-Ամեն ինչ էլ արտադրում էին` մելամին, կարբիտ, կորումդ, ազոտական պարարտանյութ:
-Իսկ հիմա ի՞նչ եք արտադրում:
-Հիմա չենք արտադրում:
-Ինչո՞ւ,- զարմացած հարցրեցի ես:
-Չեն ուզում` չեն արտադրում, իրենց ձեռքին չի՞: Բայց պատճառներ իհարկե, կան: Նախ` երկրաշարժի ժամանակ շատ բան վնասվեց, հետո անկախության տարիներին, երբ դուրս եկանք ԽՍՀՄ-ի կազմից, կորցրեցինք թե պատվիրատուներին, թե հումքի շուկան, և այսպես շատ ու շատ պատճառներ կան:
-Քեռի, քիմիական գործարանը ե՞րբ է կառուցվել:
-Սաթ ջան, քիմիական գործարանը կառուցվել է այն ժամանակ երբ մենք դեռ ԽՍՀՄ-ի կազմում էինք, երբ քիմ գործարանը կառուցվեց, Վանաձորը դարձավ քաղաք: Գործարանի աշխատելու տարիներին ամբողջ քաղաքը աշխատում էր, ապրում, իսկ հիմա ապրելը հարաբերական է: Այնքան մեծ էր ու այնքան աշխատատեղեր ուներ, որ գործարանի մեջ ավտոբուս կար, որը տեղափոխում էր աշխատողներին շենքից շենք: Իսկ հիմա աշխատող էլ չկա, որ տեղափոխեն:
Տարիներ շարունակ գործարանը պահել է ամբողջ քաղաքը, բայց այսօր այդ նույն գործարանը չի աշխատում, մարդիկ գործ չունեն ու կամաց-կամաց լքում են հայրենիքը:
-Քեռի, դու է՞լ ես ուզում գնալ Հայաստանից:
-Չէ, չեմ կարող, ինչքան էլ վատ ապրեմ, չեմ կարող հեռանալ իմ հայրենիքից:
-Գոնե աշխատավարձերը, նրանք, ովքեր աշխատում են, ամեն ամիս վճարո՞ւմ են:
-Այս տարի դեռ աշխատավարձ չենք ստացել:
-Իսկ գոնե հույս տալի՞ս են, որ կվճարեն:
-Դե~, հույսը վերջինն է մեռնում:
-Քեռի, ինչո՞ւ ես գնում գործի, եթե աշխատավարձ չեն տալիս:
-Բա ի՞նչ անեմ, ուրիշ աշխատանք չկա, գոնե հույս ունեմ, որ տարին մեկ անգամ պիտի աշխատավարձ ստանամ:
Տխուր զրույց ստացվեց, չէ՞: