
Լուսանկարը՝ Անգելինա Կարապետյանի
Ի՞նչ եփել այսօր,
Հացին համազոր,
Քյավառա կարտոլ,
Կե´ր ինձ այսօր:
Այս քառատողը կարդալուց հետո փորձում եմ պատկերացնել ընթերցողներիս մեջ առաջացած հարցերը:
-Էս աղջիկը պատանի լրագրող ա, էս ինչ ոչ գրակսն բառեր ա օգտագործում:
Է~, ժողովուրդ, սպասեք, դուք չգիտեք: Սպասեք` պատմեմ:
Դե, երևի գիտեք, որ «Մանանա» կենտրոնի կողմից կազմակերպվել է աշնանային մեդիա ճամբար, ու մենք պետք է գնայինք ֆոտոարշավի Գավառի տարածաշրջանի Կարմիրգյուղ, «Մեծ փուռ» փառատոնին մասնակցելու: Ասեմ, որ գնացինք մեծ սպասումներով ու ակնկալիքներով:

Լուսանկարը՝ Անգելինա Կարապետյանի
Թող ինձ ներեն իմ գավառցի ընկերները, բայց կլինեմ անկեղծ ու կասեմ, որ չէի պատկերացնում այսպիսի մեծ շուքով տոնախմբություն Գավառում: Երեխաները պարում էին, երգում, նվագում: Դե մենք էլ առիթը բաց չէինք թողնում և հարցերով ամփոփում փառատոնը: Ի դեպ, այնտեղ բոլորը տեղի բնակիչներ էին, իրենց արդար քրտինքով մշակած բերքը բերել և բարեսրտորեն հյուրասիրում էին հյուրերին: Նաև վերջում պետք է լիներ քվեարկություն ամեն սեղանի համար, որոշելու, թե ում կարտոֆիլն է ավելի համեղ: Առիթը բաց չթողեցինք և մի քանի հարցերով փորձեցինք լրացնել ավանդույթի մասին մեր գիտելիքները:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի
-Մի քանի հարց ունեմ, կպատասխանե՞ք:
-Ի՞նչ պատասխանեմ, քիրըս, դե ես չեմ ջոկում, մշակողն եմ ես:
Երկար համոզելուց հետո կարտոֆիլ եփող մարդը պատասխանեց մեր մի քանի հակիրճ հարցերին:
-Էս փուռը պապական, հին ավանդույթ ա, հնուց ա եկել: Հմի մենք էլ մեր մեծերից տեսիլ ենք, սովրիր ենք ու էս փուռը դրիլ ենք: Բոլոր գյուղացիները իրենց մթերք արտադրելու շնորհից ստեղծում են էս փռի փառատոնը, որ գան, համտես անեն, տենան` ինչ կարտոշկա ա, ինչ համի ա, օրհնեն, գան առնեն ու վերջում ասեն` ումն է համով:
-Ինչո՞ւ եք հենց այս օրը նշում փառատոնը:
-Անցյալ տարի էլ նույն օրն ենք արել Բադիկյանում` Գանձակ գյուղում:

Լուսանկարը՝ Անուշ Ջիլավյանի
-Գավառցիների և մարտունեցիների մեջ արդյո՞ք հակամարտություն կա փռի համար:
-Չէ, չէ, էդպես բան չկա, երեխեք ջան, մենք հարազատ «օղբերդանք» ենք, ինչի՞ համար:
Թեքվեցի, ու գիտեք ի՞նչ տեսա: Մանեկեն տատիկ ու պապիկ` ավանդական տարազներ հագած:
-Իսկ այս տատիկին ու պապիկին ինչո՞ւ եք կանգնեցրել:
Ծիծաղելով պատասխանեց.
-Դնեվալնի են: Ժամանակին մեր տիկինները, հարսները, քիրերը հագել են տարազ: Ձեռքներին մաղ կա, գրտնակ կա, կինը հաց ա թխում,մարդը` կարտոշկա ցանում, հողն ա մշակում: Իսկ հիմա ըտենց բաներ չկան:
Մարդիկ զարմացած նայելով մեր ֆոտոխցիկներին հարցնում էին.
-Դուք ո՞ր կազմակեպությունից եք:
-Մենք պատանի թղթակիցներ ենք, 17.am-ից:
-Վայ, ուրախ ենք: Ես էլ երջանիկ եմ, որ ձեր նման երեխեքի եմ հանդիպել:
Վերադառնում ենք ժպիտով: