
Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի
Ամռան ավարտվելուն արդեն քիչ է մնացել: Մարդիկ սպասում են աշնանը, որին հաջորդում է ձմեռը: Մինչ ձմռան գալը, մարդիկ իրենց վառելիքի մասին են մտածում. պետք է փայտ գնեն: Քանի որ չգիտեն, թե ինչ ձմեռ կլինի, համեմատաբար տաք, թե ցուրտ, շատ են առնում, որ բավարարի: Մենք նույնպես պիտի գնեինք: Մեր փողոցի տղաները գիտեին, որ փայտը բերում են, եկել ու մեզ ասում էին.
-Ե՞րբ կբերեն բա, գանք՝ ջարդենք:

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի
Նրանք միշտ բոլորին օգնում են: Փայտը հենց բերեցին, բոլորով եկան ու սկսեցին օգնել. փայտ կտրողին էին օգնում: Դե, քանի որ հայրիկս այստեղ չէ, նրանք, այսպես ասած, պարտավորվածության զգացում ունեին: Նույնիսկ մեր կողքի փողոցից էլ էին եկել: Նրանք գրեթե ամբողջը կոտրեցին, դասավորեցին: Շատ էին հոգնել: Գնալիս ասացին.
-Առավոտն էլի ստեղ ենք:

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի
Այդպես էլ եղավ: Առավոտյան ժամը տասն էր, ու մեկը ինձ է կանչում.
-Սո~ն, Սո~ն…
Քնած էի: Վեր կացա, արագ գնացի տեսնեմ՝ մի խումբ տղաներ մեր բակում են:
-Բանալին տուր՝ բացենք դուռը, որ ջարդենք:
Տվեցի, ու նույն պահին անցան գործի: Մեկը մյուսին փոխարինելով կոտրում էին:
-Տուր մի քիչ էլ ես ջարդեմ:
-Սպասի՛, էսքանն էլ անեմ, տամ:
Ես էլ անընդհատ դուրս էի գալիս, հարցնում.
-Երեխե՛ք, ի՞նչ կուզեք՝ կոֆե, սառը ջուր, սառը սոկ:
-Չէ՛, չէ բան պետք չի:

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի
Ես էլ սառը ձմերուկ ու սեխ կտրատեցի ու տարա հյուրասիրելու: Թե չէ, որ իրենց հարցնեմ, ոչինչ չեն ուզի:
Ապրեք դուք, տղե՛րք ջան:
Երանի ես էլ նրանց նման ուժեղ լինեի, բայց դա հավանաբար քիչ է. պետք է նաև մարդկանց օգնելու մեծ պատրաստակամություն ունենալ: