
Լուսանկարը՝ Մարինե Հովհաննիսյանի
Մի ամիս առաջ մեր թիվ 190 ավագ դպրոցում սկսվեց բուռն եռուզեռ: Դպրոցին ընձեռնվել էր զորամաս այցելելու եզակի հնարավորություն: Բոլորը ցանկանում էին ընդգրկվել գնացողների կազմի մեջ: Բայց քանակը սահմանափակ էր: Երկարատև քննարկումներից հետո վերջապես ընտրվեց աշակերտական կազմը, որի մեջ, ցավոք սրտի, ես չկայի:
-Ընկե՛ր Դումանյան, ախր ես էլ կարող եմ ասմունքել: Ասմունքողները քիչ են: Էնպես արեք, որ ես էլ գամ,- խնդրեցի դասղեկիս:
-Կխոսեմ ընկեր Խաչատրյանի հետ,- հուսադրեց նա:
-Համ էլ էդ օրվա մասին դպրոցի կայքի համար հոդված կգրեմ,- խոստացա ես:
Բարեբախտաբար դասղեկս կարողացավ համոզել ընկեր Խաչատրյանին: Եվ մարտի 18-ին առավոտյան ժամը 08:30-ին մենք ճանապարհ ընկանք զորամաս: Ճանապարհն անցավ շատ ուրախ և հետաքրքիր: Հասնելուն պես մենք զինվորներին հանձնեցինք նվերները, որ պատրաստել էինք նրանց համար: Ի դեպ, դպրոցի բոլոր դասարանները ունեցել էին իրենց ներդրումը, ինչի արդյունքում հավաքվել էր հագուստի, սննդի և տնտեսական ապրանքների ահռելի պաշար: Մենք պատրաստել էինք նաև փոքրիկ միջոցառում, որի ընթացքում երգեցինք, ասմունքեցինք, պարեցինք զինվորների հետ միասին: Միջոցառման վերջում մենք զինվորներին հանձնեցինք նամակները, որ գրել էինք նրանց համար: Նամակները զինվորներին շատ ուրախացրին: Չէ՞ որ դրանք մեծ ուժ են ծառայող զինվորի համար:
Օրվա ընթացքում ես զրուցեցի մի քանի զինվորի հետ: Նրանցից մեկը՝ Էդուարդ Հարությունյանը (ք. Արմավիրից), արդեն 14 ամիս է, ինչ ծառայում էր: Նա հարմարվել էր զորամասին և գոհ էր իր ծառայությունից:
-Իսկ որ վերադառնաս տուն, առաջինը ի՞նչ կանես,- հարցրի նրան:
-Կգրկեմ, ծնողներիս կգրկեմ,- անկեղծացավ նա:
Բոլոր զինվորներն էլ գոհ էին ամեն ինչից և պատրաստակամորեն կատարում էին իրենց պարտականությունները՝ ապահովելով մեր բոլորի խաղաղ ու անվտանգ առօրյան:
Մենք ծանոթացանք նաև զինվորների առօրյային, շրջեցինք զորամասով, պատկերացում կազմեցինք տեղանքի, զրահատեխնիկայի մասին: Ճաշեցինք զինվորների հետ և նրանց նվիրեցինք Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված անմոռուկ կրծքանշանները:
Օրվա վերջում մենք հրաժեշտ տվեցինք զինվորներին և ճանապարհ ընկանք: Ճանապարհին այցելեցինք նաև Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան:
-Միլենա՛, հը՞ն, գո՞հ ես, որ եկար,- հարցրեց ընկեր Խաչատրյանը:
-Հա, բա ոնց, ընկե՛ր Խաչատրյան: Շնորհակալ եմ:
-Դե տեսնեմ՝ ինչ հոդված ես գրելու:
-Գրելու եմ, կտեսնեք, էնպես եմ գրելու որ…
Մենք տուն վերադարձանք ուշ երեկոյան՝ հույսով, որ նման հագեցած օրեր դեռ էլի կունենանք: