04.07.2016թ.
Զանգ եմ ստանում, բոլոր հարցերին ժպիտով ու լիքը ուրախությամբ պատասխանում` հա, լավ, բարի, եղավ, ըըը…. Քաղաքապետարանի մոտ:
05.07.2016թ.
Քաղաքապետարանի մոտ եմ, նստում եմ տաքսին ու մեկ էլ իջնելս եմ հիշում… Իջնում եմ բակ, ինձ դիմավորում են մի կին ու մի տղա: Ուշադիր, բայց աննկատ ուսումնասիրում եմ իրենց, ու մինչ ես կուսումնասիրեի, էդ տղան մոտենում է ինձ.
-Արի` քեզ տեղը ցույց տամ: Դու բարձրացիր վերև, 40-րդ համարի դուռը բացի, դուխով մտի ներս ու ասա, որ էկել ես:
Ժպիտով ասում եմ` լավ, որովհետև էդ «դուխով» բառը իրոք «դուխ» էր տվել, ու բացի դա էլ մի շատ սիրուն անմիջականություն էր նկատվել:
Բարձրանում եմ վերև ու իր ասածի պես անում: Մտնում եմ ներս, հետո բոլորի հետ ծանոթանում: Բոլորի անուններն իմանում եմ, բացի ինձ դիմավորած հենց էն տղայից:
Տուն եմ գալիս ու ընկերուհուս պատմում եմ օրվա մասին, ոնց անցավ ու ինչ արեցինք: Օրվա մեջ արած կատակներից էլ եմ անում ու էլի ծիծաղում ենք: Չհնացող կատակներից էին:
Հաջորդ օրը նորից եմ գնում ու էդպես մինչև ամսի ութը ինձ օգնում են, որ լրագրության ոլորտում ստացած գիտելիքներս տեղավորեմ ամռան շոգից «հալած» ուղեղումս: Ու շատ բան եմ ստացել էդ օրերին:
Օրինակ, դու Շուշանիկին էկրաններից այն կողմ գիտե՞ս, իսկ ես իր գրած նյութերը հենց իր ձայնով եմ պատկերացնում: «Խաբարբզիկ»-ի կազմերին ու էջերին Դիանայի արած լուսանկարների պատմությունները գիտե՞ս, իսկ այ, ես տեսել եմ, թե ոնց է կադրը որսում: Իսկ Լիլիթը քեզ սովորեցրե՞լ է` ինչպես գրագետ նկար ստանաս, հա, իսկ ինձ` սովորեցրել է: Վաա՜յ, բա դու գիտե՞ս, թե ոնց է տիկին Ռուզաննան պարոն Արային կանչում, որ մեզ կինոյից էլի բաներ սովորեցնի, չգիտե՞ս, դե տես.
-Պարոն Արա, ականջ արա…
Ի դեպ, ինձ դիմավորած կինն էլ տիկին Ռուզաննան էր, ու իր մասին էլ ոչինչ չեմ ասում, դե իրեն հաստատ ճանաչում ես:
Լավ, իսկ քեզ Հովնանն ասե՞լ է` որ պատի կամ թփի մոտ կանգնես, որ Աշոտը նկարի քեզ ու հետաքրքիր նկար լինի: Ո՞նց, դու դեռ չե՞ս զարմացել Նարեի տարիքն իմանալիս, քեզ Մարիամն իր խորհուրդները չի՞ տվել, բա Սոսեն չի՞ ասել, որ քեզ կկարոտի, Լյուսին էլ «դուխ» չի՞ տվել, Միլենան էլ չի՞ ասել, որ քո մոտ ամեն ինչ կստացվի: Վա՜յ, էս ինչքան բան ես բաց թողել, բայց մի տխրիր, մի օր էս ամենը քեզ հետ էլ կպատահի, եթե շատ ուզես:
Էն տղայի անունն էլ Սիսակ էր: Դե, Սիսոն, ոնց իրեն էնտեղ դիմում էին, ինձ երևի չի էլ հիշում, բայց ես իր անջատված քայլվածքը լավ եմ հիշում: