- Լուսանկարը՝Դիանա Շահբազյանի
Ականջների խշշոց, գլխացավ.. Չէ, ոչ մի սարսափելի բան, ուղղակի օդի ճնշումների փոփոխությունից է: Երրորդ օրը էքսկուրսիա ունեինք դեպի Քարի լիճ և Ամբերդ:
-Անջատում ենք բոլոր հեռախոսները և սմարթֆոնները, կայծակից տեխնիկայի պատճառով մարդ է մահացել այս կողմերում,- ասաց Լիլիթը, բոլորս վախեցած սկսեցինք անջատել:
Ճանապարհին Դավիթի կողմից հաճախ լսում էինք. «Խելոք մնա, թե չէ հեռախոսս կմիացնեմ ու կմտցնեմ գրպանդ» սպառնալիքը: Բայց բացի դրանից, մեզ զգուշացրին, որ այդ կողմերում շատ են նաև օձերը: Պետք էր դրա դեմը ինչ-որ ձևով նույնպես առնել: Հիշեցինք մեզ տրված խորհուրդը, որ օձերը վախենում են աղմուկից, և ամբողջ ճանապարհը քայլեցինք երգելով ու աղմկելով:
Անկեղծ ասած, մեզ եղանակային փոփոխությունները շատ ուրախացրին, քանի որ Արագածը բարձրանալիս աստիճանաբար ցրտում էր, իսկ մենք երկու ձեռքով միայն կողմ էինք մի քիչ զովանալուն:
Քարի լճից հետո գնացինք Ամբերդ`Պահլավունի արքայական տոհմի ամրոցը, ճանապարհից ներքև նկատեցինք փլված պատ, որը փաստորեն քանդվել և ընկել էր ամրոցից: Այնուհետև գնացինք թագավորական բաղնիք: Այնտեղ, երբ մեզ բացատրեցին բաղնիքի աշխատելու սկզբունքը, բոլորս հիացանք կառուցողների մտքի ճկունությունից: Բաղնիքում ջուրը բարձրանում էր խողովկների միջոցով, իսկ առաստաղի վրա կար անցք, որպեսզի գոլորշին դուրս գա:
Հետ գալու ճանապարհին կանգ առանք եզդիների բնակավայրերի մոտ: Մոտեցա մոտ 10 տարեկան երեխայի, ով ոչխարներին էր հետևում:
-Բարև, կթողնե՞ս քեզ նկարեմ,- հարցրի ես:
-Հա, բայց ոչխարների հետ չէ, էլի,- ասաց նա, և ես նկարեցի նրան իր ուզած ձևով:
Վերադարձին, օձերի համար երգելուց հոգնած, բոլորս հասանք հյուրանոց, առանց կողմնակի ձայն հանելու:

Լուսանկարը՝ Հովնան Բաղդասարյանի