
Լուսանկարը՝ Տաթեւ Խաչատրյանի
Մոռացեք ինձ: Հիշողության միջից հանեք իմ անունը ու դրա հետ կապված ձեր հիշողության փոշոտ դարակների մեջ մնացած դրվագները:
Մոռացեք իմ երկար ու բարակ մատները: Հասակս: Ցցված երակներս: Խոսելուս ու ժպտալուս ձևերը: Տվեք անծանոթ մանրամասնություններ ու երբ փողոցում հանդիպեք, կարծեք, թե օտար եմ: Շրջվեք մեջքով ու մի բարևեք: Մի զանգեք: Մի գրեք: Ինձնից ոչ մեկից մի հետաքրքրվեք: Իմ անունը մի տվեք անգամ ձեր մտքում: Վառեք այն իրերը, որոնք ինձնից են: Ջուր լցրեք այն թղթերի վրա, որոնց վրա ինչ-որ բան եմ գրել ու տվել ձեզ: Հեռախոսի միջից սեղմեք ջնջելու կոճակը և ուղարկեք այլևս երբեք չվերադառնող աղբարկղի մեջ մեր համատեղ նկարները: Տեսանյութերը: Նամակները: Ամեն հիշողություն:
Ի՞նչ անեմ: Ո՞ր բառերը օգտագործեմ, որ հասկանանք իրար: Բացարձակապես մոռացեք իմ գոյության մասին: Ու բազմիցս կրկնեք ձեր մտքում, որ մոռացել եք ինձ: Երբ մի օր սրճարանում սուրճ խմեք նորից ընկերներով: Իմ ընկերներով: Իմ սիրած պատի մոտի աթոռը դատարկ կլինի կամ էլ արդեն ինչ-որ մեկի կողմից զբաղեցված: Երբ հեռու ինչ-որ նկարի կամ գրքերով լցված դարակի տակ տեսնեք նստած սուրճ եմ խմում: Չճանաչեք ինձ: Իրապես չճանաչեք: Այ, էս մոռացությանը մատնեք ինձ:
Ես էլ իմ չափով սենյակս կլցնեմ ոչնչով: Ոչինչ, որի մեջ չկա անցյալ: Չկա հիշողության մեջ անգամ մեկ նյութ: Այլ միայն ներկա: Որտեղ մենակ ես եմ: Այ, էդ ժամանակ ես կգրեմ իմ ուզած բանաստեղծություններն ու պատմվածքները: Այդ ժամանակ կապրեմ ու կգրեմ էն, ինչ իսկապես կցանկանամ: Գուցե էդ պահին ես ինձ կզգամ ազատ: