Ամեն ինչ սկսեց այն օրվանից, երբ ընկերներիցս իմացա Ջերուկի Սուրբ Գայանե եկեղեցու Երիտասարդաց միության մասին։ Երիտասարդաց միությունը գլխավորում է Անահիտ Եղիազարյանը։ Սկսեցի մասնակցել Երիտասարդաց միության կազմակերպած միջոցառումներին։
Հերթական անգամ, երբ իմացա, որ ցանկանում են «Կիկոսի մահը» հեքիաթը բեմադրել Արարատի «Մոր և մանկան» առողջարանում, ցանկություն հայտնեցի մասնակցելու։ Երբ իմացա, որ տիկնիկային ներկայացումը առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար է կազմակերպվում, անկեղծ ասած՝ ցանկությունս կրկնապատկվեց։
Փետրվարի 15-ին կազմ-պատրաստ գնացինք առողջարան։ Իրերը տեղավորեցինք ու սկսեցինք։ Ես կատարում էի Կիկոսի մորաքրոջ դերը։ Ներկայացումից հետո հնչեց երաժշտություն, և սկսեցինք պարել երեխաների հետ։ Իսկ վերջում, Անահիտ Եղիազարյանի նախաձեռնությամբ, երեխաներին նվիրեցինք հեքիաթի գրքեր։