
Լուսանկարը՝ Հովնան Բաղդասարյանի
-Աշխատասիրություն, երեխաներ, աշխատասիրություն: Կարևոր չէ , թե դպրոց գալուց առաջ քանի թիվ կամ տառ ես իմացել, ոչ էլ կարևոր է տարրական դասարանները գերազանց ավարտելը: Երբեք ուշ չէ սովորելու համար, հիշեք Արթուրին,- միշտ նշում էր քիմիայի ուսուցչուհիս և ավելացնում,- հիշում եմ, որ Արթուրը մինչը 7-րդ, 8-րդ դասարան հազիվ էր կարողանում իր դրական գնահատականը ապահովել և՛ քիմիա, և՛ մաթեմատիկա, և՛ կենսաբանություն առարկաներից: Հետո նա որոշեց աշխատել: Նա սովորում էր, ստիպում էր ինձ, որպեսզի դասերից հետո մնամ և բացատրեմ այս կամ այն խնդիրը: Ես կարող էի մի խնդիրը նրան 5 անգամ բացատրել, բայց եթե չէր հասկանում, էլի էր պահանջում: Գիտե՞ք վերջում ինչ եղավ… Նա սովորում է բժշկական համալսարանում՝ անվճար:
Բարեբախտաբար բախտ եմ ունեցել քիչ թե շատ ճանաչել Արթուրին: Նա սովորում էր մորեղբորս աղջկա հետ մի դասարանում, և քանի որ նրանք լավ ընկերներ էին, հաճախ առիթ էի ունենում նրան տեսնել քեռուս տանը: Ինձ թվում է, ձեզ էլ հետաքրքրեց այս երիտասարդը: Պատմեմ նրա մասին մի քիչ մանրամասն:
Ինչպես նշեցի, ուսուցիչներս հաճախ էին խոսում Արթուրի մասին: Փոքր հասակում աչքի չի ընկել ուսման մեջ: Չգիտեմ, շաքար հիվանդությունը, թե այլ բան ստիպեցին նրան երազել բժշկի մասնագիտության մասին, և ոչ միայն երազել…Նպատակ դնել և հասնել: 12-րդ դասարանում սկսեց լրացուցիչ պարապել քիմիա և կենսաբանություն: Այդ շրջանում էլ քույրս պատմում էր, որ դասարանի համար Արթուրը պատրաստել է էլեկտրական դասացուցակ: Դրա էությունը նրանում էր, որ ինչ դաս լինում էր, վառվում էր հենց այդ դասի լույսը: Նաև այդ ժամանակ մեր դպրոցում կար ԷՌՕԴԾ (էներգետիկ ռեսուրսենրի օգտագործման դպրոցական ծրագիր) խմբակ, որի շրջանակներում Արթուրը պատրաստել էր փոքրիկ լվացքի մեքենա, որի արտաքինը ուղղակի աղամանի տուփ էր և ստվարաթղթեր: Փոքրիկ մեքենան նույնիսկ լվացել էր գուլպաներ: Նրան դրա համար մրցանակ էին շնորհել, և հիշում եմ, միշտ հպարտությամբ մտնում էինք ԷՌՕԴԾ-ի կայք և հպարտանում ճամբարակցի Արթուրով:
Եկան ընդունելության քննությունները, և Արթուրը 1 թե 2 բալի պատճառով զրկվեց անվճարի հնարավորությունից: Այդ տարին նա չգնաց համալսարան: Սկսեց պարապել և վերհիշել իր իմացածը: Հաջորդ տարվա ապրիլ-մայիսին մենք հաճախ էինք նրան տեսնում դպրոցում: Գալիս էր քիմիայի ուսուցչուհու մոտ՝ չպարզաբանված խնդիրնրը ևս մեկ անգամ հասկանալու: Կրկին դիմում է համալսարան և առավելագույն բալերով ընդունվում անվճար հիմունքներով:
Միշտ զարմանքով և հիացմունքով եմ նայում այդպիսի մարդկանց: Մտածում եմ, որ ես հաստատ այդքան կամքի ուժ չէի ունենա ամեն ինչ սկսել նոր էջից, պարապել ինքս ինձ, սովորել այդքան քրտնաջան: Շատ սովորելու բան ունենք նման մարդկանցից: Եվ գիտեք ինչ, բոլորս էլ կարող ենք հասնել բարձունքների, իհարկե տարբեր մարդկանց մտավոր հնարավորությունները տարբեր են, բայց էական դերը նպատակասլացության, կամքի ուժի, աշխատասիրության տարբերությունն է: