
Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի
-Նելլի՞, հետաքրքիր ա ինչի՞ մասին ես մտածում,- հարցրեց մայրս, նկատելով որ արդեն 5 րոպե է հայացքս մի կետից չեմ կտրում:
-Դու մեր շենքի տանիք բարձրացած կա՞ս,- լուրջ տոնով հարցնում եմ մորս։
-Չէ, ինչ գործ ունեմ տանիքում,- հարցի տարօրինակությունից զարմացած, մի քիչ մտածելուց հետո ասաց մայրս։
-Մամ, քանի՞ տարի է ապրում ես այս շենքում,- շարունակում եմ հարցաքննությունս։
-Դե, 15 կլինի, ինչի՞։
-Ու 15 տարի ապրելով այս շենքում, քեզ երբեք չհետաքրքիրց թե ինչ կա մեր շենքի տանիքում,- ասացի այնպես, կարծես մայրս հանցանք էր գործել կամ գիտեր, որ տանիքում ոսկի կա, բայց չի գնացել տեսնելու:
Այսպես մի քանի օր անընդհատ մտածում եմ մեր շենքի տանիքի մասին: Մի օր երբ, Սյուզիի հետ նստած էինք բակում( Սյուզին նաև իմ շենքակիցն է), առաջարկում եմ.
-Արի բարձրանանք տանիք:
-Արի,- շատ հանգիստ կերպով պատասխանում է Սյուզին:
-Երբ,- հարցնում եմ:
-Կիրակի:
Երկուսով նայում ենք աստղազարդ երկնքին… Մի րոպե լռություն… Այդ մի րոպեում երկուսիս մտքում ինչ մտքեր ասես չեն անցնում։ Ամեն օր բարձրանալ տանիք, ներկել, հարմարություններ ստեղծել, դա կլինի մեր թաքուն անկյունը և այլ ցնորված մտքեր, երբ երկնքից իջնելով իրար ենք նայում և սկսում ոգևորված պատմել մեր պլանները:
Գալիս է սպասված կիրակի օրը, սակայն հանգամանքների բերումով չի ստացվում իրագործել մտածված չարաճճի պլանը: Հաջորդ օրը դասարանում պայմանավորվում ենք, որ տուն գնալու փոխարեն, կբարձրանանք տանիք: Այսպես էլ անում ենք: Մոտենում ենք տանիք տանող աստիճաններին.
-Ես առաջինը կգնամ,- ասում է Սյուզին և բարձրանում: Նրան հետևում եմ ես: Ակընկալիքները… Արդարացված չէին: Չգիտեմ, թե մենք ինչ էինք սպասում, բայց այնտեղ բավականին կեղտոտ ու փոշոտ էր, գետինը հող ու ավազ էր, իսկ փայտերի վրա՝ սարդոստայններ: Մի վայրկյանում հոդս ցնդեցին մեր երազանքները, բայց կարևորը՝ մենք տանիքում էինք: Սկսում ենք զննել, հետո անցքով դուրս ենք գալիս տանիքի վրա ու սկսում նայել Ճամբարակին վերևից:
-Մեկը լիներ մեզ նկարեր,- մտածում ենք մենք: Բայց լավ, ինչ արած, դիմում ենք ամենազոր սելֆիի օգնությանը:

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի
Տանիքի վրա նստելուց, նկարվելուց հետո որոշում ենք արդեն գնալ տուն:
-Վայ Սյուզ, եստեղով էլ կարող ենք միանգամից մյուս շքամուտքով իջնել,- մեծ հայտնագործություն արած կանչում եմ Սյուզիին:
Ցանկանում ենք իջնել, բայց ձայներ ենք լսում, ինչ որ մեկը բարձրանում է, հետո կանգնում է ու նայում վերև…Երևի մեզ լսել է: Որպեսզի մեզ աննորմալի տեղ չդնեն, որոշում ենք տանիքից իջնել այն ժամանակ, երբ մեզ չեն տեսնի: Մի քանի րոպե սպասում ենք, երբ.
-Ո՞վ կա այդտեղ, ի՞նչ եք անում,- բարձրանալով տանիք վախեցած հարցնում է մեր կողքի շքամուտքի վերջին հարկում ապրող տիկին Գայանեն:
-Տիկին Գայան, ես ու Սյուզին ենք, ուղղակի բարձրացել ենք տանիք, բան չենք անում,- հեռվից պատասխանում եմ ես:
-Նելլի դու ես, այ աղջի, սիրտս սկսել էր հազարի տակ աշխատել, ես էլ ասում եմ ինչ ձայներ են։ Էս էքստրիմի պակաս ունեիք,- սկզբից մի քիչ բարկացած, հետո ծիծաղելով ասաց տիկին Գայանը,- եկեք, եկեք օգնեմ իջնեք:
Չհրաժարվեցինք առաջարկված օգնությունից, որովհետև իջնելը կարող էր մի քիչ վտանգավոր լիներ: Իջանք, ներողություն խնդրեցինք վախեցնելու համար և դուրս եկանք (արդեն մեր շենքի մյուս շքամուքով):
-Նելլի՞, էս խի՞ եք էստեղից իջնում,- զարմացած հարցրեց եղբայրս, ով դասից գալիս էր տուն:
-Է… Այ Դավո, գոնե շուտ գայիր, ասեինք`մեզ նեքևից նկարեիր,- ծիծաղելով ասաց Սյուզին, իսկ Դավիթը այդ ընթացքում փորձում էր լուծել այն հանելուկը, որին ականատես էր եղել քիչ առաջ: