Հարցազրույց բազկամարտի աշխարհի չեմպիոն Դավիթ Մադոյանի հետ: Այժմ Դավիթը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր և աշխարհի չեմպիոն:

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի
-Դավի՛թ, խնդրում եմ պատմիր, թե ինչպես և երբ սկսեցիր զբաղվել սպորտով:
-16 տարեկանից ծնվեց սերը սպորտի նկատմամբ: Երբ դեռ պրոֆեսիոնալ չէի, սկսել էի զբաղվել բազկամարտով, մրցում էի, ուժերս էի փորձում հասակակիցներիս շրջանում: Սակայն առաջ գնալու համար պայմաններ չկային, բայց, ի ուրախություն ինձ, շուտով Արմավիրում բացվեց մի մարզասրահ, որն էլ իմ առջև բացեց մեծ ուղի դեպի բազկամարտ:
-Ի՞նչ էիր զգում առաջին մրցման ժամանակ:
-Առաջին մեդալս վաստակել եմ Հայաստանի սահմաններում՝ Շիրակի մարզի բաց առաջնության ժամանակ, երբ զբաղեցրի երկրորդ տեղը:
-Կա՞ն մարդիկ, որոնք քեզ ոգեշնչում են, խրախուսում, որ միշտ առաջ շարժվես:
-Այո, իհարկե, յուրաքանչյուր մարզիկի կողքին պետք է լինի ոգեշնչող մեկը: Իմ կողքին են միշտ ընկերներս, մարզիչս, հարազատներս, ընտանիքս: Ծնողներս ամեն մրցաշարից առաջ ասում են, որ իրենց համար կարևոր չէ հաղթանակը, կարևորն այն է, որ վնասվածք չստանամ: Բայց երբ իմանում են հաղթանակիս մասին, շատ են ուրախանում, ու հենց նրանց հրճվանքն էլ ինձ ուժ է տալիս, որպեսզի մյուս անգամ նույնպես հաղթանակով վերադառնամ:
-Արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ բազկամարտը քո կյանքի մի մասն է: Կա՞ արդյոք քեզ համար սահմանված հաղթանակի բանաձև:
-Ունեմ կարգախոս՝ հավատա քեզ յուրաքանչյուր իրավիճակում, որը, կարելի է ասել, ինձ բավականին ոգևորում է:
-Համեմատելով քեզ 16 տարեկանում և այժմյան սերնդին՝ տեսնո՞ւմ ես նույն ձգտումը սպորտի նկատմամբ:
-Չեմ կարող ասել, որ չկա ձգտում, ուղղակի չկա այն, ինչ մեզ անհրաժեշտ է: Կարծում եմ, որ մենք ինքներս պետք է օրինակ ծառայենք նրանց համար, ու նրանք էլ, տեսնելով մեր հաղթանակները, պետք է ոգևորվեն ու ձգտեն մեզանից առաջ անցնել:
-Առաջիկայում կա՞ն մրցաշարեր, որոնց պատրաստվում ես մասնակցել:
-Նախ ասեմ, որ իմ անձնական բժիշկն անգամ դեմ էր, որ ես մասնակցեի աշխարհի այս առաջնությանը, բայց իմ համառության շնորհիվ ես գնացի ու հենց վնասված ձեռքով էլ հաղթեցի: Իսկ հիմա զբաղվում եմ ձեռքիս լիարժեք ապաքինմամբ, քանի որ մայիսին Եվրոպայի առաջնությունն է Բուլղարիայում: Ամեն ինչ անելու եմ, ոչ մի ջանք չեմ խնայելու, որ միշտ Հայաստանի սահմաններից դուրս հնչեցնեմ Հայաստանի Հանրապետության օրհներգը:

Լուսանկարը՝ Դավիթ Մադոյանի անձնական էջից
-Աշխարհի առաջնությունում դու դուրս եկար մի վերնաշապիկով, որի վրա ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի նկարն էր, կպատմե՞ս մի փոքր այդ մասին:
-Ադամը իմ ընկերն է եղել ու կա, մենք միասին ենք մարզվել, ու ամեն անգամ նա շատ էր ուրախանում իմ հաջողություններով: Ու ես իմ պարտքն էի համարում, որ իմ մեծ հաղթանակը նվիրեմ ընկերոջս. ես հասա դրան:
-Դժվար չէ՞ պահել չեմպիոնի կոչումը:
-Ինչ խոսք, դա մեծ պատասխանատվություն է: Հաղթանակին հասնելն այլ բան է, իսկ այդ հաղթանակը պահելը՝ մեկ այլ բան: Ես միշտ պայքարելու եմ, որ հասնեմ ավելիին:
-Ի՞նչ կմաղթես ընթերցողին:
-Բոլորին ցանկանում եմ մեծ հաղթանակներ, ու թող բոլորն էլ զգան այն, ինչ ես եմ զգացել, քանի որ մինչև պարտվել չսովորես, չես զգա հաղթանակի ուժը:
Հարցազրույցը վարեց Անուշ Հովհաննիսյանը