
Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի
Ինչպես գիտեք, ես ապրում եմ Սյունիքի մարզի Դարբաս գյուղում, և մեր գյուղի հարևանությամբ է գտնվում Լոր գյուղը` Համո Սահյանի ծննդավայրը: Այստեղ է ապրում նրա քույրը`Հասմիկ տատիկը: Նա Հայրենական պատերազմի մասնակից է. ամեն անգամ, երբ տոնում ենք Սահյանի ծննդյան օրը, նա այցելում է մեզ և լուռ լսում է, թե ինչպես ենք ասմունքում: Հետո միշտ կարծիք է հայտում մեր կազմակերպած միջոցառման մասին, անպայման համեմատության մեջ դնելով նախորդ տարիների գրական ցերեկույթները: Պարզվում է, Սահյանի շատ ստեղծագործությունների առաջին ունկնդիրն նա է եղել: Քույրական սիրով թե խստապահանջ քննադատի գնահատմամբ, նա միշտ գովերգել է եղբորը`քարափների անմահ երգչին, որ հայերին, ինչու չէ նաև աշխարհին, քարտեզի վրա փնտրել տվեց Լորը`ձորերի մեջ մոլորված բնակատեղին:

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի
Խաչի պապի օջախում կերած իրիկնահացը պիտի դառնա շատ հայերի օջախի օրհներգը, որ պապի արձանը պիտի դրվի հարևան Դարբաս գյուղի եկեղեցու բակում, որ եկեղեցին ու պապը պիտի դառնանան 21-րդ դարի այս նահապետական գյուղերի խորհրդանիշերը, որ իննսունամյա Հասմիկ տատը պիտի դառնա համով-հոտով զրույցների, սահյանական հյուրընկալումների և նշանավոր իրադարձությունների վկան ու ասացողը: Այնպիսի ճոխ բառապաշարով ու դիմախաղով է պատմում հավերժ երիտասարդ տատը, որ անկարող ես չլսել նրան: Նա գյուղական հիվանդանոցի մանկաբարձուհին է եղել, գիտի բոլոր գյուղացիների ծննդյան տարեթվերը, ամիս -ամսաթվերը: Ապրում է գյուղով, գյուղի մարդկանցով, կիսում նրանց հոգսերն ու ապրումները: Մեծի հետ մեծ է, փոքրի հետ` փոքր: Բոլորը սիրում ու հարգում են նրան. գյուղական միջոցառումների բացումն ու փակումը հանձնարարվում է նրան`տարիների վաստակը ուսերին ճերմակահեր պատվարժան տիկնոջը, որի անունը իմ գյուղի տարեգրության մեջ ոսկե տառերով կգրվի:
Մայրիկս մի բանաստեղծություն է ձոնել նրան, ստորև ուզում եմ ներկայացնել:
Ու հիմա էլ այս ձորերում քույրն է ապրում մեծ պոետի,
Թե եղբայրը տաղ է երկնել, նա մայրական մեծ երկունքի
Ավետիսն է ու լուռ վկան,
Ու իր ճերմակ վարսերի չափ աչքալուսանք ունի հայտնած`
Մի լավ տղա, նախշուն աղջիկ:
Մեծարանքի ու հարգանքի նա էլ բաժին ունի հաստատ.
Չէ որ դուստրն է Խաչի պապի, սիրված քույրը մեծ պոետի: