
Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի
Բարև, մի ամիսն անցավ: Ինչպես ժողովուրդն է ասում՝ սոված հունվարը: Դե, տոներին սպառվեցին ոչ միայն մարդկանց դրամական միջոցները, այլև հավեսը: Բայց, 17-ում սովորաբար նման բան չի պատահում: Թե նյութերն են շատ, թե հետաքրքիր լուսանկարները, թե ֆիլմերը:
Եթե հունվարին քննությունների, հյուր գնալու կամ մեկ այլ պատճառով միշտ չես հետևել մեզ, ապա քեզ ենք ներկայացնում տասնյոթյան հունվարի այն նյութերը, որոնք խորհուրդ կտանք կարդալ:
17-ը բազմաթիվ նյութեր էր հրապարակել Ամանորի, նախորդ տարվա ձեռքբերումների ու այս տարվա պլանների մասին: Այս շարքում կար մի նյութ, որը մի քիչ տարբերվում էր. Քնարիկ Խուդոյանի «Հաշտեցման երկու Ամանորները» վերտառությամբ: Խորհուրդ կտանք կարդալ և իմանալ ավելին մեր կողքին ապրող եզդի ժողովրդի ամանորյա սովորությունների մասին:

Լուսանկարը՝ Անի Ջիլավյանի
Թեև հունվար է, արձակուրդներ, սակայն ուսանողները պատասխանատու մի շրջան էին ապրում. քննություններ, հաջորդ կիսամյակի նախապատրաստական գործընթաց, ուստի մեկ անգամ էլ աչքի անցկացրու Անի Ջիլավյանի «Դասեր ընտրելու բարդ ճանապարհը» և Անետա Բաղդասարյանի «Հետքննական» հոդվածները:
Իսկ գիտե՞ք, որ ԱՄՆ-ում ուսուցիչները նաև օգնականներ ունեն: Թե ովքեր են այդ օգնականները և ինչ պարտականություններ ունեն, կարդացեք Սոնա Զաքարյանի «Ուսուցչի օգնականը» նյութի մեջ:

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի
Հա, ի դեպ, մեր օվկիանոսից այն կողմ ապրող թղթակիցները հունվարին էլ մեզ բազում հետաքրքիր պատմություններ են պատմել: Եվա Խեչոյանի «Պատմություններ օվկիանոսի այն կողմից. Գրեննիի նոր կացարանը» բուռն քննարկումների տեղիք տվեց: Մեզ՝ հայերիս համար անսովոր, անգամ ոչ հարիր մի երևույթի է անդրադարձել Եվան, իսկ թե ինչը և ինչու, ինչ կարծիք ունես ինքդ՝ կպատկերացնես վերընթերցելուց հետո:
Հունվարը նույնպես աչքի է ընկել հետաքրքիր մարդկանց ու ճակատագրերի մասին պատմություններով ու հարցազրույցներով: Ուզում ենք առանձնացնել մի քանիսը. Էլլադա Պետրոսյանի «Ռուբիկ պապը», Թինա Մաքոյանի «Իմ Թինա տատը», Նաիրա Մխիթարյանի «Ութսուներկուամյա մանուկիս», Մարիամ Տոնոյանի «Ուշացումով գրված օրագիր» նյութերը: Կարդացեք անպայման:
Խորհուրդ ենք տալիս ընթերցել նաև մեր նոր թղթակից Արթուր Ջանվելյանի «Հարաբերական անդորր»-ը: Եթե մտածում եք, թե ձեր կյանքը բարդ է, կամ դժգոհում եք ազատ ժամանցի սակավությունից, կամ չեք գնահատում այն, ինչ ունեք, հիշեք այս պահին սահմանամերձ գյուղերում ապրող ձեր հասակակիցներին:
Ի դեպ, մեր գյուղերի մասին: Կարդացեք Անի Հարությունյանի «Գյուղի աստեղային շաբաթը»: Ավելին ասել չենք ուզում, որպեսզի չփչացնենք առաջին անգամ կարդալու ողջ տպավորությունը:

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի
Գյուղը մեր ներշնչանքի աղբյուրն է ու մեր պահպանվող ավանդույթների, լեզվի ու սովորությունների գանձարանը, և պատահական չէ, որ մեր թղթակիցները հաճախակի են մեզ զարմացնում ու հիացնում գյուղական կյանքի մասին պատմող իրենց հոդվածներով: Համոզվելու համար կարդացեք Մարատ Սիրունյանի «Մեր գյուղի բառն ու բանը», ըմբոշխնեք Լեռնավանի պատկերավոր լեզուն:

Լուսանկարը` Զարա Ղազարյանի
Այցելեք Եղիպատրուշ՝ Զարա Ղազարեանի «Ռոկֆոր. Եղիպատրուշ» ֆոտոպատմության միջոցով, ու վայելեք Ռիմա տատիկի հորած պանրի պատրաստման ողջ ընթացքը:
Դիտեք նաև Արտյոմ Մամյանի «Ձմեռային Կողբը» ֆոտոշարքը, խոսքը հատկապես նրանց է վերաբերում, ովքեր այս հունվարին ձմեռային պատկերներ չեն տեսել:

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի
Դե, իսկ որո՞նք են այս ամսվա ամենաշատ ընթերցված ու դիտված հրապարակումները. Իզա Ասծատրյանի «Արմատներով հալիձորցի» հարցազրույցը և իհարկե, «Հայաստանի մեկ օրը. 31.12.2017» ֆիլմը:

Լուսանկարը`Chess Academy of Armenia
Իսկ վերջում, խորհուրդ ենք տալիս կարդալ Շուշան Ստեփանյանի «#talented #girl #shushan #great #singer #cook #person» ֆելիետոնը: Գուցե քե՞զ էլ ճանաչես այստեղ, հը՞…
Ահա և հունվարի մեր հետահայացը, թեև ասենք, որ վերստին ընթերցելու նյութերը շատ-շատ էին: