Ես մի մարդ եմ, ով տանել չի կարողանում ոչ մի տեսակ կենդանի: Չգիտեմ ինչ, բայց հաստատ ինչ-որ բան ինձ վանում է կենդանիներից, միգուցե դա վա՞խն է, չէ, բայց ես այդքան էլ վախկոտ չեմ, ոնց մտածում է հայրս: Ես իմ ինքնավստահ բնավորության համաձայն ու ինչ-որ տեղ հայրիկիս ապացուցելու համար, որ վախկոտ չեմ, վերցրի իմ անբաժան ընկեր ֆոտոապարատը և սկսեցի նկարել կենդանիներ: Աստվա՜ծ իմ, ես ինձ իմ ձեռքով կրակը գցեցի, թե ինչու, պատմությունս լսելով կհասկանաք:
Նախ սկսեմ նրանից, թե ինչու հայրս սկսեց ինձ վախկոտ համարել: Այսօր առավոտյան, երբ աչքերս բացեցի, անկողնուս վրա մի ոզնի էր նստած և ուշադիր ինձ էր նայում: Վախից այնպես բղավեցի, որ մեր տանը կից ապրող հարևանի փոքրիկը քնից արթնացավ ու սկսեց լաց լինել: Հայրս լսեց բղավոցս և իր կատակից բավարարված` բարձր ծիծաղելով ներս մտավ ու սկսեց ինձ «վախկոտ», «թույլիկ» կոչել: Ես շարունակ փորձում էի համոզել, որ վախկոտ չեմ, բայց դե ինչ արած, ինձ այնպես էի պահում, որ հայրիկիս թվար համակերպվել եմ վախկոտ լինելու մտքին: Մի պահ փորձեք հասկանալ` ներսումս ինչ էր կատարվում. իմ գլխում իրարանցում էր սկսել, ու ես շարունակ ելք էի փնտրում մականուններից ազատվելու համար: Այդ պահին հիշեցի «Մանանա» կենտրոնի մասին ու մտածեցի օրս լցնել արկածներով` հետաքրքիր նյութ ստանալու համար:
Հայրս նստած թերթ էր կարդում, երբ ես, մտքումս ձևակերպելով հարցս, մոտեցա նրան:
-Պապ, քեզնից կարո՞ղ եմ մի բան խնդրել:
-Գումար չունեմ, գնա այստեղից:
-Է՜, պապ, ի՞նչ գումար, այս անգամ խնդրանքս տարբերվում է մնացած բոլոր անգամներից:
-Ամեն անգամ նույն երգն ես երգում, բայց ի՞նչ ասեմ, խնդրիր:
-Պապ, դեռ մտածում ես վախկոտ ու թույլի՞կ եմ:
-Վայ, մոռացել էի, իմ վախկոտ ու թույլիկ աղջիկ, խնդրիր ինչ-որ կուզես:
-Պապ, ես ուզում եմ կենդանիներ նկարել, ու վատ չի լինի, որ ինձ հետ գաս:
-Նկարե՞ս, բայց դու չե՞ս վախենում:
-Ե՞ս, վախենա՞մ, չի կարող այդպիսի բան լինել, ես ուժեղ աղջիկ եմ:
-Դե ուրեմն, գնացինք:
Ես սկսեցի ամենաանվնաս կենդանիներից: Պապիկիցս թաքուն ես ու հայրս մտանք մեր հին ախոռ, որտեղ պապիկս պահում է իր աղավնիներին: Մի քանի գեղեցիկ նկար ստանալուց հետո նկարեցի բադիկին, հետո բոլոր այն կենդանիներին, որոնց հանդիպեցի ճանապարհիս: Ամեն ինչ հարթ էր ընթանում, ես նույնիսկ սկսեցի սիրել կենդանիներին:
Արդեն մութն ընկել էր, և ես ու հայրս որոշեցինք տուն գնալ: Ես հարցրի հայրիկիս.
-Ի՞նչ կասես, պա՛պ, հիմա էլ եմ վախկո՞տ:
-Բա ի՞նչ ես, է, դե եթե այդքան անվախ ես, արի գնանք առավոտյան վախդ չափած ոզնուն նկարի:
Ես համաձայնվեցի` չմտածելով` ինչ կրակի մեջ եմ ընկնում: Նկարելու ժամանակ ոզնին հանգիստ նստած էր, և ես որոշեցի մի քանի նկար մոտիկից նկարել: Նկարելու ժամանակ ոզնին դուրս թռավ ու իր ճանկերը խրեց թևս, ճիշտ է շատ ցավեց, բայց կարևորը նկարեցի ոզնուն դուրս գալու ժամանակ: Դա էլ հերիք չէր, նկուղից դուրս գալու ժամանակ տրորեցի շան պոչը, մի կերպ պրծա, մինչև տուն շան պատճառով բղավելով վազել եմ:
Երբ հայրս հասավ տուն, ասաց.
-Պապայի անվախ աղջիկ, արի գրկեմ, թույլի՛կս:
-Է՜,պա՜:
Անունս էլ մնաց «թույլիկ», բայց ես համոզվեցի, որ ատում եմ բոլոր կենդանիներին: