
Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի
Ամերիկայում օրը սկսվում է առավոտվա 6:00-ից: Դու էլ էնքան ինքնավստահ չես, որ քնես մինչև 8-ն ու 20 րոպե ուշացած դպրոց հասնելով՝ պատճառաբանես, որ ջերմությունդ հանկարծակի բարձրացել էր, հոպարդ թռչում էր Ռուսաստան, իսկ փոքր քույրդ լացում էր հետևիցդ:
Դպրոցական դեղին ավտոբուսը (հա, հա, հենց էն դեղին ավտոբուսը, որը բազմաթիվ հասակակիցներիս համար ամերիկյան «թինեյջերական» կյանքի եթերային մի դետալ է կազմում) ժամը 07:36 կանգ է առնում մեր փողոցի խաչմերուկում: Հա, կատակը մի կողմ, ոչ թե 7-ին կամ 07:30, այլ ուղիղ 07:36: Ու մտքովդ էլ չանցնի, որ կարելի է թեկուզ մի վայրկյան ուշանալ: Կթողնի կգնա:
Տան մեջ ինձ բնորոշ գերբնական արագությամբ իջնում եմ աստիճանները, մի մազի տարբերությամբ շրջանցում ոտքերիս տակ ընկնող Սնիկլ Ֆրեդին, գրկում հոսթ մամային, վերցնում պայուսակս ու Միյուի հետ վազում խաչմերուկ: Ուղիղ 7:36 րոպեին ավտոբուսը մեր փողոցում է:
-Բարի լույս:
-Բարի լույս, տիկին Լիզա:
Տիկին Լիզան մեր ավտոբուսի վարորդն է՝ ժպտերես մի կին, որը չի զլանում ավտոբուս բարձրացող յուրաքանչյուր աշակերտին ժպիտով «բարի լույս» ասել:
Մոտ 20 րոպե անց, շրջելով մյուս փողոցներով ու հավաքելով աշակերտներին՝ ավտոբուսը հասնում է դպրոց: Իջնում ենք ավտոբուսից:
-Շնորհակալություն, տիկին Լիզա:
-Չարժի, քաղցր: Բոլորիդ լավ օր եմ մաղթում:
Սկսվում է դպրոցական օրը՝ նոր թեստերով, քննություններով ու բացահայտումներով:

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի