
Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի
-Լիլի՞թ, գալի՞ս ես գնանք «Պեչենու բաղեր»,-հարցրեց հայրիկս:
-Է՞դ ո՞րն ա,-հարցրեցի ես:
-Չե՞ս լսել, որ ասում են. «Ի՞նչ ես քեզ պեչենու բաղերը գցել»:
-Չէ, չհասկացա:
- Դպրոցում էդպես չե՞ն ասում հեչ, էն, որ իբր չեն հասկանում:
-Չէէէ:
- Իսկ չե՞ս լսել. «Դոդերի բախչան գցել» արտահայտությունը:
-Հա~, ընկեր Սարուխանյանն էր տենց ասում,- ասացի ես՝ հիշողությունների մեջ ընկնելով:
-Ուրեմն հասկացար:
-Հա:
-Գալի՞ս ես հետս,- հարցրեց հայրիկը:
-Հա, իսկ ի՞նչի համար ենք գնում:
-«Չկա՝ չկա» գրքի շնորհանդեսն ա:
Ես չգիտեի այդ գրքի և հեղինակի մասին, բայց համաձայնվեցի:
Մենք գնացինք «Պեչենու բաղեր» սրճարան: Մուտքի մոտ կանգնած էին մարդիկ, ովքեր արդեն վերցրել էին այդ գիրքը, մարդիկ, ովքեր ծխում էին կամ ուղակի զրուցում:
Ներս մտանք: Տարածքը փոքր էր: Ես և հայրիկը գնեցինք «Չկա՝ չկա» գիրքը: Գիրքը շատ հետաքրքիր էր պատրաստված. շապիկին հաստ ստվարաթուղթ էր սոսնձած, իսկ վրան ոչինչ չկար գրած: Մարդիկ մոտենում էին գրքի հեղինակին՝ Գեմաֆին Գասպարյանին, և ընտրում, թե որտեղ նա դնի կնիքը, որի վրա գրված է «Չկա՝ չկա»: Դե, կնիքը հենց գրքի վերնագիրն էր:
Ծանոթացա Գեմաֆինի հետ, ընտրեցի կնիքի տեղը: Հետո էլ լուսանկարեցի Գեմաֆինին՝ իր գիրքը ձեռքին:

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի
Ես և հայրիկը մի քիչ էլ մնացինք, զրուցեցինք մարդկանց հետ և հետ վերադարձանք:
Կարևորը իմացա, թե ինչ է նշանակում պեչենու բաղեր:
«Չկա՝ չկան» դեռ չեմ կարդացել, բայց էջանիշի վրայի գրածը հավանում եմ:
ձեզ թվում է,
որ ինձ թվում է,
որ ձեզ թվում է,
որ ինձ թվում է:
իսկ ինձ թվում է,
որ ձեզ թվում է,
որ ինձ թվում է,
թե ձեզ թվում է:
բայց ձեզ թվում է
ու ինձ թվում է,
թե ձեզ թվում է
կամ ինձ թվում է…