
Լուսանկարը՝ Անի Գրիգորյանի
Ողջույն, ես Անի Ասրյանն եմ: Ապրում եմ Սյունիքի մարզի Սիսիանի շրջանի Դարբաս գյուղում: Սովորում եմ նույն գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում: Ինձ ավելի շատ հուզում է ոռոգման հարցը, որը ծագում է ամեն տարի՝ գարունը բացվելուն պես:
Գարունը բացվեց: Նորից նոր վեճ, նոր խառնաշփոթ: Ինչպես բոլոր գյուղերում, այնպես էլ մեր գյուղում սկսվում է հողագործությունը: Մարդիկ սկսում են հողը մշակել այն հույսով, որ աշնանը բերքը առատ կլինի: Սակայն չեն մտածում, որ մշակելուց մինչև բերքահավաք դեռ կա ոռոգման խնդիր:
Իմ ընտանիքը միայն զբաղվում է հողագործությամբ, բայց մեր ակնկալիքները այսքան տարիների ընթացքում չեն իրականացել: Միշտ մշակել ենք, սակայն ոռոգելու ժամանակ բույսը չորացել է:
Դեռ նոր բացված ծիրանենու, խնձորենու և բալենու բողբոջները արևի ճառագայթներից այրվում են, կարծես թե նրանց պետք է մի էակ, որը կդադարեցնի այդ հրդեհը:
Գյուղում շատերն են կանգնել և կանգնելու են այս հարցի առջև: Միայն մեր թաղում է, որ ապրում ենք չորս ընտանիքով, մնացած հատվածներում ավելի շատ են բնակիչները: Մեր բակում, անգամ լինելով քիչ , չեն կարողանում խուսափել վեճից:
Այս ամենից հետո պատմեմ իրական մի դեպք:
Մեր այգիները գտնվում են և՛ գյուղի ներսում, և՛ գյուղից դուրս: Խնդրին ծանոթանալու նպատակով այցելեցի Լաուր տատիկին, և նա իր բառերով պատմեց մի պատմություն:
-Դուք սիրո՞ւմ եք հողագործությամբ զբաղվել:
-Ես սիրըմ եմ բույսին շատ ճիրիլը, մշակիլը:
-Մի փոքր պատմեք Ձեր բոլոր վեճերի մասին:
-Շադիկի կնեգը մի անգամ թակավ, տա հագին ալ ռոզվի սև-սև պուտերավ խալաթ կար՝ շտապլենի: Խփեց ու եր ինգամ, ես ալ եր կացամ, սաղ շորերը ծեվեցի, թողեցի մերկ: Շադիկն ալ եկավ կնգանը եր կալավ, տարավ: Երկրորդ անգամ կռվի մեջ ինգամ տիերի բոստանս ճիրիլից՝ Գուրգեն բիձի հետ: Ձեր տան կըշտի վինտիլն էի պացըմ, որ ճուրը տանիմ կալերը: Էս բիձան եկավ, չալիկավ (ձեռնափայտ ) թխավ կլխիս, կլխիս ոսկորը ճարթեց: Մինչև օրս ալ էտ վնասը զգըմ եմ վիրաս: Մի անգամ ալ Արփիկանց տան կշտին մի բոստան ունիմ, էտ բոստանիս կողքին մի մարդ կար, անունը` Գիրիշ: Ծաղրիլավ ասեց, թե բա` Լաուր, էտ ծառերը առանց ճիրի խե՞ ես տնգըմ, բա վեր սելը (ջրի վարարում) կա, տանի՞:
-Մի սուտկա եդը քյացի արխ քանդամ, ջուրը ինադու պացամ, քիցամ իրա տան վիրա, որ պազորի տակ չմնամ: Է՜ բալա, սարեր եմ շոռ տվալ: Ճուրը պիրամ, սաղ հըվաքվան, ասան` ինձա ա եդը տամ իրանց: Ես ալ ասամ` քացե՛ք քոն իլեք, ես աման օր ճիրիլվեմ: Կռվի մեջ եմ ինգալ Սոսիկի նըհետ: Ընոթի քացիմ բոստանս ճիրիլի, տեսնամ` էս Սոսիկն ալա ճիրամ: Ասամ, որ իջնմեմ հաց օտեմ, կյամ` ըտե չիլես: Թաշնա չէ, վիրա եմ անիլու Բարաթանց կռանթին: Քշացամ տոն, աղցանը եփամ-կերամ, քինացիմ Սոսիկին քաշ տվամ էն ղոլը, ջուրը երկալամ, քշացամ:
Մեր էս կոլխոզի նախագան ալ Մուխաել դային էր: Հունց ինձ տեսնըմ էր, ասըմ էր. «Ճիրի մոկու՛ն, ալա՞ եկար ճիրի»: Ես ալ հենց ուրան տեսնըմ իմ, պրանըմ իմ արխի մեջին:
Տեղափոխվամ Սիսիան: Ընդեղ մինչև մհեկ խնդիր չունեմ ճիրիլի, բայց ընդեղ ալ փողավեմ ճիրըմ: Է՜, մինա, գյուղի քաղցրությունը չկա:
Այս ամենից հետո ոչ ոք չնախատվեց, և վեճերը շարունակվում են մինչ այսօր:
Իսկ Լաուր տատին, ով ուներ բազմաթիվ հուշեր ոռոգման հետ կապված, դեռ կարոտում է իր վեճերը: Այն, որ մարդիկ որոշակի չափով հաճույք են ստանում այդ վեճերից, միևնույն է, ես ուզում եմ, որ գյուղում կարգապահություն լինի, և վեճերը այլևս չշարունակվեն: Լավ կլինի` ոռոգման ջուրը բոլորին հերիքի: